ԹՈՒՐՔԻԱՆ ԻՐԵՆ Է ՄԻԱՑՐԵԼ ԵՄ-Ն՝ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՖՐԱՆՍԻԱՅԻ, ԱՎՍՏՐԻԱՅԻ ԵՎ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ
Հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում մի ուսուցչի սպանեցին։ Սպանեցին թուրքերին ու արմատական իսլամիստներին բնորոշ եղանակով. գլխատեցին։ Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 17-ին, Թուրքիայի նախագահ Էրդողանը, ինչպես հաղորդել է Բրիտանական TheIndependent-ը, հայտարարեց, որ ողջ աշխարհում եվրոպացիները չեն կարողանա անվտանգ քայլել փողոցներով, եթե պահպանեն իրենց ներկայիս վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ։ Հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ուսուցչի դաժան սպանության կապակցությամբ հայտարարեց, որ իսլամիստներն իրենց երկրում չեն կարողանալու հանգիստ քնել՝ հավելելով. «Վախը կմտնի նրանց ճամբար»։ Հոկտեմբերի 19-ին Եվրամիության հինգ երկրներ արգելափակեցին Թուրքիայի դեմ Հունաստանի առաջարկած պատժամիջոցների սահմանումը։
Պատժամիջոցներին կողմ քվեարկեցին միայն Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան: Դեմ՝ Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Հունգարիան և Մալթան: ԵՄ մյուս անդամները ձեռնպահ մնացին։ Հունաստանի վարչապետը, ամենայն հավանականությամբ, պատրաստ էր իրադարձությունների նման զարգացման։ Նրա խոսքերով, նախորդ գագաթաժողովում, երբ առաջնորդները հանգամանորեն քննարկում էին Թուրքիայի հարցը, «պարզ էր, որ մենք դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, որպեսզի բացատրենք մեր եվրոպացի գործընկերներին, թե ինչու է այդ հարցը կարևոր ոչ միայն Հունաստանի ու Կիպրոսի համար, այլև որոշիչ նշանակություն ունի Եվրոպայի և Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում աշխարհաքաղաքական կայունության համար»:
Եվրամիության մի շարք երկրների այդօրինակ դիրքորոշման պատճառները, ինչպես կարծում են փորձագետները, երկուսն են. վախը ապօրինի ներգաղթյալների նոր ալիքից, ինչով Անկարան վաղուց է շանտաժում Եվրոպային, և Թուրքիայի ու Ռուսաստանի հետագա մերձեցումը կանխելու ձգտումը: Սակայն այդ գործոնները խամրում են թուրքական զավթողականության այն վտանգի առջև, որի շեմին կանգնած է Եվրոպան, և ոչ միայն։ Այդուհանդերձ, ինչպես տեսնում ենք, հատուկենտ բացառությամբ՝ ԵՄ երկրների առաջնորդները նախընտրում են թաքցնել գլուխն ավազի մեջ և մտածել այսրոպեական շահերի մասին։
Արցախում պատերազմի սկսվելուց գրեթե 3 շաբաթ անց սկսեցին հայտնվել տեղեկություններ, որոնց, ավաղ, սպասում էին բանիմաց մարդիկ։ Այն մասին, թե ինչպես են Ադրբեջանի զինված ուժերը հաշվեհարդար տեսնում հայ գերիների հետ։ Նախ հրապարակեցին տեսագրություն, որում ծաղրում ու գնդակահարում են երկու տղամարդու, որոնցից մեկը 70-ն անց էր։ Այնուհետ հաջորդեցին Արցախի և Հայաստանի օմբուդսմենների հայտարարությունները գերիների նկատմամբ գազանությունների, այդ թվում՝ գլխատումների մասին։ Միանգամից հիշվեց Ապրիլյան պատերազմը. հայ երեք զինծառայողների ողբերգությունը, որոնց նույնպես գլխատել էին։ Այնպես, ինչպես դա արել է քոլեջի ուսուցչի հետ մեկ այլ արմատական իսլամիստ՝ Փարիզի արվարձանում։
Այնուհետ սոցցանցերում հայտնվեց լուսանկար, որտեղ ադրբեջանցի զինվորականները ցուցադրում են հայի գլուխը։ Ճիշտ այնպես, ինչպես դա արվել էր 2016-ին Քյարամ Սլոյանի հետ։ Նույնը արեց նաև ֆրանսիացի ուսուցչին սպանողը. կտրած գլխով լուսանկարը տեղադրեց սոցցանցում։ Եվ նույնիսկ ուղերձով դիմեց երկրի նախագահին։ Իրավապահ մարմինները հաստատեցին, որ լուսանկարով գրառումը Թվիթերում արել է հավանական հանցագործը։
Ուրեմն ի՞նչ տարբերություն այսօր Արցախում կատարվող ամենի և ֆրանսիական խաղաղ քաղաքում հոկտեմբերի 16-ին տեղի ունեցածի միջև։ Ի՞նչ տարբերություն վերջին 32 տարիներին (եթե վերցնենք միայն նորագույն պատմությունը) Ադրբեջանում և Արցախում հայերի հետ կատարվող ամենի և նրա միջև, ինչ տեղի է ունենում վերջին 10 տարիներին եվրոպական քաղաքներում, Ռուսաստանում ու ԱՄՆ-ում:
Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների պաշտոնական անձինք և կառույցները հաստատել են, որ Ադրբեջանն Արցախի դեմ պատերազմում օգտագործում է Թուրքիայի կողմից տարածաշրջան փոխադրված սիրիացի հարյուրավոր ու հազարավոր վարձկանների: Աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ները ներկայացրել են դրա բազմաթիվ փաստեր ու ապացույցներ։ Արդեն ոչ ոք չի կասկածում, որ փոքրիկ Արցախի և նրա թիկունքին կանգնած ոչ մեծ Հայաստանի դեմ գործում է երկու ահաբեկչական պետությունների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի, և Մերձավոր Արևելքից եկած վարձկան-ահաբեկիչների եռյակ միությունը։ Բոլորն անդադար շեփորում են, որ հայ ժողովուրդը հայտնվել է XX դարի ամենասարսափելի չարիքներից մեկի՝ իսլամական արմատականության դեմ մղվող մահացու պայքարի առաջնագծում, և Հայրենիքի համար մղած իր անձնուրաց պայքարով խոչընդոտում է սարսափելի վարակի տարածմանն ու արտասորմանը դեպի հյուսիս, արևմուտք, արևելք…
Եվ բոլորը մեծ հետաքրքրությամբ հետեվում են այս աննախադեպ «գիտափորձին». թե ինչպես են հայերը հերոսության դաս տալիս ողջ աշխարհին։ Բոլորն էլ հասկանում են, թե ինչի հետ գործ ունեն և ինչով է դա սպառնում հենց իրենց։ Բայց ... Եվրամիությունն ընդունում է բանաձև՝ դատապարտելով հարձակումը Գանձակի (Գյանջայի) «խաղաղ բնակչության» վրա, նույնիսկ չփորձելով գլուխ հանել իրավիճակից և հասկանալ, որ դա նույնպիսի ֆեյք է, ինչպես արցախյան քաղաքների ու գյուղերի «ազատագրումը» ստի մեջ թաղված մեծաքիթ սուլթանի կողմից։ Իսկ Երևանի բացասական արձագանքից հետո հավասար մտահոգություն է հայտնում երկու կողմերին՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության գնդակոծությունների առնչությամբ։ Ավելի լավ է չհայտներ, Աստված վկա…
Այս ճակատագրական օրերին մենք շատ բան հասկացանք։ Այդ թվում, ճանաչեցինք մեր իրական թշնամիներին ու բարեկամներին։ Նրանց, ում համար քաղաքականությունն ունի ոչ միայն «իրական», այլև մի քիչ «բարոյական» բնույթ։ Եվ նրանց, ովքեր պատրաստ են ամեն ինչում խրախուսել թուրքերին՝ չմտածելով այն մասին, որ վախն ու ահաբեկչական պետությանը հանդարտեցնելու փորձերը է՛լ ավելի են գրգռում մարդասպանների ախորժակը։ Հայաստանն ու նրա ժողովուրդը՝ իր մարտիկների քաջությամբ ու խիզախությամբ, վտանգի առջև ազգի միասնականությամբ ու համերաշխությամբ, այստեղ նույնպես դաս են տալիս բոլոր նրանց, ովքեր տրվում են շանտաժի և հաճոյանում թուրքերին։
Կյուրացնե՞ն արդյոք այդ դասը Եվրոպայում ու այլ երկրներում, հենց նույն Ռուսաստանում: Հունաստանի փորձը լավատեսություն չի ներշնչում. եթե իրենց երկու դաշնակիցների, այդ թվում ՆԱՏՕ-ի շրջանակում գործընկերների՝ Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ ԵՄ երկրները չեն ցուցաբերում միասնական ու վճռական դիրքորոշում, նախընտրելով հաճոյանալ Թուրքիային, ապա առավել ևս չեն անի դա «ռուսամետ» Հայաստանի նկատմամբ։ Դե ինչ, ավելի վատ իրենց համար։ Քանզի այդ դեպքում Էրդողանի այն սպառնալիքը, որ եվրոպացիները ողջ աշխարհում չեն կարողանալու անվտանգ քայլել փողոցում, ամենօրյա իրականություն կդառնա Եվրամիության համար։
Ինչպես ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը. «Թուրքիան երկար ժամանակ փորձում էր մտնել ԵՄ, իսկ երբ նրան չհաջողվեց դա անել, Թուրքիան իրեն միացրեց Եվրամիությունը»: Ավելի դիպուկ չես ասի։ Այս իրավիճակում մխիթարում է միայն այն փաստը, որ Եվրոպայում կան նաև երկրներ ու առաջնորդներ, որոնք կարող են գնահատել իրավիճակը իրենց սպառնացող վտանգին համարժեք. Ֆրանսիան, Ավստրիան և Սլովենիան:
Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հենց Ավստրիայի խորհրդարան ընդունեց բանաձև, որը դատապարտում է Թուրքիայի ռազմական միջամտությունը ղարաբաղյան հակամարտությանը, ինչպես նաև զենքի մատակարարումն Ադրբեջանին։ Ինչպեսև պատահական չեն այն գործընթացները, որոնք այսօր ընթանում են Ֆրանսիայում, և այդ երկրի ղեկավարների բազմաթիվ հայտարարությունները՝ արցախ-ադրբեջանական հակամարտության գոտում իրավիճակի սթափ ու բավական հստակ գնահատականով։
Բացի այդ, Ֆրանսիայում և Ավստրիայում իշխանության ղեկին են երիտասարդ և լավ իմաստով հավակնոտ առաջնորդներ, որոնք, հուսանք, կարող են ինչ-որ շտկումներ մտցնել ԵՄ դիրքորոշման մեջ։ Գումարած Հունաստանն ու Կիպրոսը։ Ահա այդ երկրների հետ էլ պետք է աշխատենք։ Բոլոր ուղղություններով։ Առաջին հերթին՝ ահաբեկչության դեմ պայքարի և Արցախի ճանաչման։ Հանուն ընդհանուր շահերի և ընդհանուր ապագայի։