Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նվիրատվությունների կրկնապատկման շարժում է նախաձեռնում

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին նվիրատվությունների գումարը Երեք շաբաթվա ընթացքում կազմել է 4,5 միլիոն դոլար, հոկտեմբերի 21-ին կայացած ճեպազրույցում ասաց հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

«Այս միջոցների 80%-ը ստացվել է Հայաստանից: Բացի այդ, մեծ թվով նվիրատվություններ են եկել ԱՄՆ-ից, Ռուսաստանից և նույնիսկ Կիպրոսից (240 հազար դոլար): Հիմնադրամի գոյության տարիների ընթացքում հավաքվել է 60 միլիոն դոլար, որն ամբողջությամբ կօգտագործվի զոհված, վիրավոր և անհայտ կորած զինծառայողների ընտանիքերի ֆինանսական կայունությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում է 58-82 միլիոն դրամ (120-160 հազար դոլար):

Գումարի մի մասը տրամադրվում է միանվագ, մնացած մասը ամսական` 20 տարվա ընթացքում»,- ասաց նա: Վարուժան Ավետիքյանը հիշեցրեց, որ նվիրատվություններ կարելի է անել 1000plus.am կայքում: «Մենք նախաձեռնում ենք նվիրատվությունների կրկնապատկման շարժում: Իմաստն այն է, որ երկրի տնտեսվարող սուբյեկտները կարող են յուրաքանչյուր աշխատողի համար կրկնապատկել նվիրատվությունների չափը՝ այդպիսով յուրաքանչյուրի համար վճարելով 2000 դրամ: Այսպիսով տարեկան եկամուտները կավելանան մինչև 30 միլիոն դոլար»,- եզրափակեց տնօրենը, տեղեկացնում է News.am-ը։