Դավիթ Բաբայան. Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում
Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Այս մասին հայտարարեց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը` News.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի հայտարարությունը, ով հաստատել է Անկարայի պատրաստակամությունը` զորքեր մտցնել Ադրբեջան` Բաքվից համապատասխան խնդրանքի դեպքում:
«Բոլորին հայտնի է, որ հարյուր տարվա ընթացքում առաջին անգամ Թուրքիան ուղղակիորեն մտավ Անդրկովկաս, որ այն կռվում է Ադրբեջանի կողմից, Նախիջևանը փաստացի գտնվում է թուրքական օկուպացիայի տակ, թուրքական զորքերը տեղակայված են Ադրբեջանի տարբեր հատվածներում: Թուրքիան չի պատրաստվում լքել Ադրբեջանը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարն իր Twitter-ում ցինիկաբար գրել էր. «Մենք Ղարաբաղում կռվող Թուրքիայի քաղաքացիներ չունենք, քանի որ նրանց բոլորին Ադրբեջանի քաղաքացիություն է տրվել: Իսկ այժմ Արցախի և Հայաստանի դեմ ագրեսիային Թուրքիայի մասնակցության բացահայտ քաղաքական լեգիտիմացում է իրականացվում: Եթե նախկինում նրանք ինչ-որ կերպ փորձում էին քողարկել, ապա այժմ բացահայտ են գործում: Անկարան հայտարարում է զորք տրամադրելու պատրաստակամության մասին, եթե Բաքուն խնդրի: Թուրքական զորքերն արդեն Ադրբեջանում են: Բաքուն պաշտոնապես խնդրում և օրինականացնում է թուրքական զորքերի ներկայությունն Ադրբեջանում: Ահա թե ինչ մենք ունենք»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Որքանո՞վ է դա տեղավորվում ՆԱՏՕ-ի կանոնադրության մեջ: «Բազմաթիվ հարցեր են առաջանում. արդյո՞ք ՆԱՏՕ-ն գիտի, որ Թուրքիան պատրաստ է իր զորքերը թողնել Ադրբեջանում: Սա՞ է արդյոք Թուրքիայի միջոցով Հարավային Կովկասում իր ներկայությունն ուժեղացնելու ՆԱՏՕ-ի պլանը: Եթե այո, ապա դա մի բան է: Եթե` ոչ, ապա ի՞նչ է ստացվում` բրեքզիթ ՆԱՏՕ-ու՞մ: Պատերազմ սկսեցին` տեղյակ չպահեցին: Այժմ ուզում են ամրապնդվել և կրկին չեղյակ չեն պահել: Թե՞ տեղյակ են պահել: Եվ այս հարցերի պատասխանները, առաջին հերթին, պետք է ունենան ՆԱՏՕ-ի երկրները, ինչպես նաև` մեր բարեկամ երկրները` Ռուսաստանը, հարակից պետությունները»,- ասաց Արցախի նախագահի խորհրդականը: Նրա խոսքով` հայկական կողմի արտաքին քաղաքականությունը ևս արմատական փոփոխությունների կարիք ունի: «Այս Մարլեզոնյան բալետն արդեն ավարտված է»,- պարզաբանեց Բաբայանը:
Որո՞նք են Թուրքիայի նպատակները մոտ ապագայում: «Կարելի է ասել, որ դրանք արդեն ուրվագծվում են: Թուրքիան ամրապնդվում է Կասպյան ավազանում. Ուկրաինայի տարածքում բազաներ են կառուցվում: Բնականաբար, Ուկրաինան իր ավերված տնտեսությամբ ի վիճակի չէ դրանք կառուցել, դրանք թուրքական բազաներ կլինեն: Խոսակցություններ կան թյուրքական ուժերի ստեղծման մասին: Բայց կարծում եմ, որ այս ծրագրերին վիճակված չէ իրականանալ, քանի որ ուժգին ճնշում կլինի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից:
Սահմանվում են թուրքական քաղաքականության ուրվագծերը. դա է երկու ծովերի դոկտրինն է: Ամրապնդվել կասպյան ավազանում և Սև ծովի հյուսիսում: Սակայն Թուրքիան նման «ընդլայնման» ներուժ չունի: Այն բազմաթիվ ներքին խնդիրներ ունի: Օսմանյան կայսրությունը ծաղկում ապրեց, որին հաջորդեց քայքայման գործընթացը: Թուրքիան այսօր այնքան էլ Օսմանյան կայսրություն չէ: Իր ծաղկման շրջանում այն ազգայնական գաղափարախոսություն չուներ: Իսկ սրանց մոտ առաջնայինն ազգայնականությունն ու ֆաշիզմն են: Ընդ որում, պետք է հիշել, որ Թուրքիան երկմիջուկ պետություն է. բնակչության հիմքը թուրքերն և քրդերն են: Այս պետությունը կարող է բաժանվել երկու մասի` հատկապես, որ այս երկրի իշխանությունները բարեփոխումների փոխարեն ագրեսիայով են պատասխանում տարբեր տեսակի բողոքներին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը: