Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու հարցը ռազմական փորձագետների հսկողության տակ է

Ռազմական փորձագետներն ու համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները ուշադիր հետևում են ղարաբաղյան հակամարտության գոտի գրոհայիններ տեղափոխելու խնդրին: Այս մասին հոկտեմբերի 22-ի ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Այս հարցը մեզ անհանգստացնում է, մենք դրա մասին խոսել ենք, այդ թվում՝ հրապարակային: Ոչ հրապարակային աշխատանքը շատ ակտիվ ընթանում էէ, քանի որ դա մեզ համար լուրջ խնդիր է»,- հավելել է նա: Նրա խոսքով՝ ռուսական դիվանագիտությունը ապավինում է այն գործիքներին, որոնք ունի և օգտագործում է իր աշխատանքում: Սրանք հույսեր չեն, երազներ չեն, սա կոնկրետ գործ է:

«Այն բաղկացած է երկրորդ հերթին հանրային հայտարարություններից և առաջին հերթին կիրառական աշխատանքից, պրակտիկ գործողություններից: Մենք կապի մեջ ենք մեր գործընկերների հետ, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են տարածաշրջանի իրավիճակում: Համապատասխան տարածաշրջան տեղափոխվող գրոհայինների խնդրի շուրջ մենք աշխատում ենք ինչպես դիվանագիտական ուղիներով, այնպես էլ ռազմական փորձագետների և համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների միջոցով: Այս աշխատանքը հաստատ չի պահանջում դրա նկատմամբ լրացուցիչ հանրային ուշադրություն:

Հանրությունը պետք է վստահ լինի, որ այդ աշխատանքը կատարվում է: Մենք հիանալի հասկանում ենք հնարավոր հետևանքները և հաշվարկում ենք դրանք: Մենք այս մասին հրապարակային խոսել ենք, որպեսզի, այդ թվում, դրան չափեր հաղորդենք և լրացուցիչ ընդգծենք դրա կարևորությունը մեր երկրի համար»,- ասել է Մարիա Զախարովան, տեղեկացնում է News.am: