ԱՆՆԱԽԱԴԵՊ ԵՐԵՎՈՒՅԹ՝ ԱՌԱՆՑ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ըստ Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների, եկամուտ ապահովող աշխատատեղերի քանակն ընթացիկ տարվա սեպտեմբերին կազմել է 623 հազար: Դա գերազանցում է օգոստոսի ցուցանիշը 14 հազարով, իսկ անցած տարվա սեպտեմբերինը՝ 15,6 հազարով։

Ինչպես նշում է ՊԵԿ-ը, վիճակագրության վարման ողջ պատմության ընթացքում եկամուտ ապահովող աշխատատեղերի 2020թ. սեպտեմբերի ցուցանիշն աննախադեպ է:

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. իհարկե, այսօր ՝ պատերազմի պայմաններում, հասարակության ուշադրությունն ամբողջովին սևեռված է ճակատային գծում տիրող իրավիճակին։ Սակայն թիկունքում տիրող իրավիճակի մասին էլ չի կարելի մոռանալ։ Մանավանդ՝ սոցիալ-տնտեսական թիկունքում։ Եվ այդ տեսանկյունից ՊԵԿ-ի նշած տվյալներն արժանի են ուշադրության։

Ամենևին կասկածի տակ չառնելով ներկայացված ցուցանիշները, այնուամենայնիվ սեպտեմբերին գրանցված աշխատատեղերի ռեկորդային աճը չի կարող հարցեր չառաջացնել: Նկատեք, խոսքը պատմական ռեկորդի մասին է։ Ահա ուրեմն, այնքան էլ հասկանալի չէ, ավելի ճիշտ՝ բացարձակապես հասկանալի չէ, թե ինչպես է այդքան կտրուկ ու այդքան էականորեն աճել աշխատատեղերի թիվը հենց 2020-ի սեպտեմբերին, եթե երկրում բոլոր բնութագրիչներով արձանագրվել է տնտեսական լուրջ անկում։ Եվ առավելևս տարօրինակ է թվում աշխատատեղերի քանակական աննախադեպ աճը՝ բնակչության առավելագույն զբաղվածություն ապահովող ոլորտներում աննախադեպ անկման խորապատկերին։ Խոսքը առևտրի, սպասարկման, շինարարության ոլորտների մասին է։

Այո, ինչպես միշտ, երբ խոսքը վերաբերում է աշխատատեղերին, պետք է հաշվի առնել այն փաստը, որ նկատի է առնվում ոչ թե նոր տեղերի բացումը, այլ դրանց ելքը ստվերից։ Բայց այս դեպքում էլ ինչ-որ շատ տարօրինակ է թվում զանգվածային գործընթացը (ստվերից դուրս գալու) հենց 2020-ի սեպտեմբերին։ Հատկապես ի՞նչն է պատճառ դարձել աշխատանքի շուկայում կտրուկ լեգալացման համար։ Ի՞նչն է ապահովել հերթական աննախադեպ երևույթը։ Ասենք ուղղակի. թե՛ նոր աշխատատեղերի ստեղծման, թե՛ հների ստվերից դուրս գալու օբյեկտիվ, տեսանելի պատճառներ չեն եղել։ ԲայցՌեկորդը գրանցված է։

Վերջին երկուսուկես տարում սա բնավ առաջին դեպքը չէ, երբ արձանագրվում են հաջողություններ, ընդ որում՝ հաճախ աննախադեպ, որոնք, ըստ էության, աղճատում են այս կամ այն ոլորտում տիրող իրական պատկերը։ Այդ տեսանկյունից, ի դեպ, զբաղվածության ոլորտը թերևս ամենապահանջվածն է իշխանության ներկայացուցիչների համար։ Այդտեղ ցուցադրվում է մի ռեկորդը մյուսի հետևից։

Կրկնեմ, ՊԵԿ-ի ներկայացրած բուն թվերը վիճարկել չենք պատրաստվում։ Սակայն առնվազն տարօրինակ է, որ դրանք (թվերը) հարցեր չեն առաջացնում կառավարությունում։ Անբացատրելի դրականը իրականում ավելի լավ չէ, քան բացասականը։ Ընդ որում այս կամ այն գերատեսչությունների կողմից հրապարակվող վիճակագրական տվյալները մասնագիտական մեկնաբանության և խոր վերլուծության կարիք ունեն, ինչն ընդհանուր առմամբ չի եղել, չկա և չի կանխատեսվում։ Վիճակագրական տվյալների և դրանց հետազոտման հիման վրա, ըստ էության, պետք է մշակվի կամ շտկվի պետության քաղաքականությունն այս կամ այն ոլորտում: Բայց... Այ, հետաքրքիր է, ինչպե՞ս է բնակչության զբաղվածության ոլորտում կառավարության ուղեգծի վրա ազդել տեղեկատվությունը աշխատատեղերի քանակի սեպտեմբերյան ռեկորդի մասին:

Գործող կառավարությունն արդեն վաղուց դիտարկում է վիճակագրությունը միայն որպես սեփական գործունեության պիարի գործիք, մշտապես արձանագրելով ինչ-որ թվային հաջողություններ, առանց ներկայացնելու դրանց ըմբռնելի և տրամաբանական բացատրությունը։ Այդ ոճը, իհարկե, անընդունելի է։ Բայց հիմա, պատերազմի պայմաններում, դա (ոճը) արդեն առհասարակ վտանգավոր է։ Քանզի այսօր, առավել քան երբևէ, երկրին անհրաժեշտ է սոցիալ-տնտեսական առավելագույնս արդյունավետ քաղաքականություն։ Այսօր հաստատ պիարի, «աննախադեպի» և «ռեկորդների» ժամանակը չէ։

Այսօր իրավիճակի առավելագույնս ճշգրիտ գնահատման և գրագետ, մտածված գործողությունների ժամանակն է։ Իսկ դա նշանակում է, որ աշխատատեղերի քանակի նույն այդ «ռեկորդը» իր անբնականությամբ նախևառաջ պետք է զարմացնի և մտահոգի կառավարությանը, իսկ այս կամ այն ցուցանիշները որպես հաջողություն հանրությանը ներկայացնելիս՝ կառավարությունն ինքը պետք է իմանա և հայտնի մարդկանց դրա (հաջողության) պատճառները։ Այլապես ... Պիարը պատերազմի ժամանակ բնավ ավելի լավ չէ, քան խրախճանքը ժանտախտի ժամանակ։

Основная тема:
Теги: