«Ժողովուրդ»․ Կ․ ԶԱՏՈՒԼԻՆ. ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԸՆԴՈՒՆՎԻ Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ, ԲՆԱԿԱՆԱԲԱՐ, ԿՔՆՆԱՐԿՎԻ
«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն և, բնականաբար, կքննարկվի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը:
Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և գրել. «Դուք այն անհատականությունը և պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում և մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը' խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբե- ջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման և քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», - ասված էր նամակում:
Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետություն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պետության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճանաչված միավոր է: ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստանը, Հայաստանը և այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա:
Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործողության միջոցով: Անդրադառնալով այս արտահայտությւսնը՝ նա նկատեց. «Այն տարածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին և ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»:
Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ էին ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե միջնորդի տեսքով ներգրավված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հետո առաջընթաց կա»,-գրում է թերթը: