Եվգենի ԿԻՍԻՆ. «ԵՍ ՄԻՇՏ ՁԵԶ ՀԵՏ ԿԼԻՆԵՄ․․․ ՑԱՎԴ ՏԱՆԵՄ»

«Հայերի ասամբլեայի»` մշակույթի աշխարհահռչակ ներկայացուցիչներին միավորած մարդասիրական նախաձեռնությանն այսօր միացել է Եվգենի Կիսինը։ Համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտը փոխանցել է իր առաջիկա համերգի հոնորարը «Հայերի ասամբլեայի»` Արցախի մանուկների օգնության ֆոնդին։

«Սիրելի՛ հայ քույրեր և եղբայրներ, հիմա` այս դժվար օրերին, ես ի սրտե ձեզ մաղթում եմ ուժ և կորով, իսկ ամենակարևորը` միասնություն: Հո՛գ տարեք ձեր և միմյանց մասին, եղե՛ք միասնական, ես նույնպես ձեզ հետ կլինեմ` անկախ մեզ բաժանող հեռավորությունից: Ցավդ տանեմ», – Եվգենի Կիսին։

Armenian Assembly-ն ամբողջ հայ ազգի անունից հայտնում է իր խորին երախտագիտությունը Եվգենի Կիսինին։

Նախաձեռնությանն ավելի վաղ միացել էին դիրիժոր, «musicAeterna» նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Թեոդոր Կուրենտզիսը, ականավոր ջութակահար և դիրիժոր, բարերար, Մոսկվայի երաժշտության միջազգային տան նախագահ Վլադիմիր Սպիվակովը, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը, օպերային երգչուհի, «Մեծ թատրոն»-ի մեներգչուհի Աննա Ագլատովան, Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, Ռուսաստանի առաջատար ջազ սաքսոֆոնահար Իգոր Բուտմանը, նոր սերնդի ամենահայտնի ջազ երգչուհիներից Մարիամ Մերաբովան, ովքեր իրենց` Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և Միլանում կայացած և կայանալիք համերգների հոնորարները փոխանցել են հասարակական կազմակերպության դրամահավաքի ֆոնդին:

News.am