Արցախի ՄԻՊ. Ադրբեջանցիները հարձակման փորձեր են անում նաև հայկական ԶՈւ համազգեստներով

Ադրբեջանական զինված ուժերն իրենց հարձակվող խմբերին հայկական ԶՈւ համազգեստ են հագցնում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի մարդու իրավունքներ պաշտպան Արտակ Բեգլարյանը` նշելով, որ դա արվում է երկու նպատակով:

«Նախ՝ ադրբեջանական կողմը հավանաբար նպատակ ունի շփոթեցնել հայ զինծառայողներին և դրա հաշվին հաջողությունների հասնել: Երկրորդ՝ նպատակ ունեն մի կողմից արհեստականորեն նվազեցնել ու թաքցնել իրենց զոհերը, իսկ մյուս կողմից՝ դիակների փոխանակման ժամանակ փորձել դրանք ներկայացնել որպես հայկական զոհեր»,– Facebook-ում գրել է Բեգլարյանը:

Նա նաև պատմել է, որ, ըստ ականատես զինծառայողներից մեկի, մոտ երկու շաբաթ առաջ Մատաղիսի ուղղությամբ այդպիսի մի հարձակման փորձի ժամանակ ադրբեջանական կողմը թողել է հայկական համազգեստով շուրջ 40 դիակ և հետ շպրտվել:

«Հաշվի առնելով տարբեր ուղղություններում ու ժամանակահատվածներում արձանագրված այդ գործելաոճը՝ չի բացառվում, որ նման զոհերի քանակը նշանակալիորեն մեծ կլինի: Ավելին, հավանական է, որ նրանց մի մասը վարձկան ահաբեկիչներ լինեն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ վարձկանների դիակների հետևից դժվար թե եկողներ լինեն»,– նշել է Բեգլարյանը։

Արցախի ՄԻՊ-ը համոզմունք է հայտնել, որ երբ դիակների փոխանակման ժամանակը գա, հնարավոր է կլինի պրոֆեսիոնալ մեթոդաբանությամբ ապացուցել այդ դիակների իրական ծագումնաբանությունը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: