Կուրց․ Սա քաղաքակրթության և բարբարոսության պայքարն է

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը, մեկնաբանելով Վիեննայում տեղի ունեցած հարձակումները, հայտարարել է, որ խոսքը ավստրիացիների և ներգաղթյալների հակամարտության մասին չէ, այլ քաղաքակրթության և բարբարոսության պայքարի, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ի երեկոյան Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում տեղի ժամանակով ժ. 20-ի մոտակայքում (Երևանի ժամանակով՝ ժ. 23-ին) անհայտ անձինք զինված հարձակումներ են իրականացրել քաղաքի կենտրոնում։ Զոհերի թիվը հասել է 4-ի, ավելի քան տասը մարդ վիրավորվել է։ Իրավապահների տվյալներով՝ հարձակվողներից մեկը ոչնչացված է, առնվազն ևս մեկին փնտրում են, որը, ըստ Ավստրիայի ներքին գործերի նախարար Կառլ Նեհամմերի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակից է։

«Պետք է հստակ լինի, որ սա հակամարտություն չէ քրիստոնյաների և մուսուլմանների, կամ ավստրիացիների ու ներգաղթյալների միջև։ Ոչ, սա պայքար է խաղաղությանը հավատացող մեծ թվով մարդկանց և այն քչերի միջև, ովքեր պատերազմ են ուզում։ Սա պայքար է քաղաքակրթության և բարբարոսության միջև, և մենք պայքարելու ենք ամենայն վճռականությամբ»,- բնակչությանն ուղղված իր կոչում ասել է Կուրցը։

Կանցլերը նշել է, որ Վիեննայում տեղի ունեցած հարձակման իսլամիստական բնույթը հաստատվել է։ Նրա խոսքով՝ Ավստրիան կգտնի և պատասխանատվության կենթարկի ահաբեկչության հետ առնչություն ունեցող բոլոր անձանց։

«Հաստատվել է, որ երեկվա հարձակումը որոշակիորեն իսլամիստական ահաբեկչական գործողություն է։ Դա ահաբեկչություն է՝ դրդված մեր հիմնային արժեքների, կյանքի մոդելի հանդեպ ատելությունից, ատելությունից մեր ժողովրդավարության հանդեպ, որի առաջ բոլոր մարդիկ հավասար են»,-ասել է Կուրցը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։