ՄԵՐ ԱՆՈՒՆԸ ԱՐՑԱԽ Է. ԻՍԿ ԻՆՉՊԵ՞Ս ԱՆՎԱՆԵԼ ՁԵԶ
Այն մասին, թե ինչ հույզեր առաջացրեց Շուշան Պետրոսյանի «Անունս Արցախ Է» երգը, խոսելն ավելորդ է։ Անհնար է լսել այն առանց արցունքների, բայց է՛լ առավել՝ առանց հպարտության, առանց Արցախ անունով հայկական փոքրիկ հողակտորի աներևակայելի վեհության ու սրբության գիտակցման, որն այս օրերին դարձել է ուժի, հավատի և ազգային ոգու սևեռակետն ու խորհրդանիշը։ Թվում էր, թե անհնար է ընկալել այդ երգը որևէ այլ կերպ, քան որպես ձոն մեր Հայրենիքին ու մեր ապագա Հաղթանակին։ Ու նաև՝ որպես ընդհանուր վտանգի առջև հայերի միասնության խորհրդանիշ։
Բայց ոչ. պարզվեց, որ ոչ բոլորին է գոհացրել այն փաստը, որ երգը կատարում է Շուշան Պետրոսյանը: Թեև, անկասկած, դժվար է գտնել ավելի համապատասխան որևէ մեկին, հաշվի առնելով և՛ անցած մասնագիտական ուղին, և՛, իհարկե, ձայնային տվյալները։ Մի ոմն անձնավորություն այն աստիճան փտած ու ցինիկ գհնվեց, որ հիշեց Պետրոսյանի քաղաքական անցյալը և հայտարարեց, թե իբր՝ «Արցախի մասին մի հատ երգով՝ նախկին ու հիմա արած/ասած տականքությունները մոռացնելու նուրբ արվեստի հոտ ա գալիս»։ Եվ այնուհետ եզրահանգում արեց. «Հերիք ա ազգը չպառակտելու թաղանթի տակ տարաբնույթ սրիկաներին ներելու հորդոր անեք։ Թող շնորհակալ լինեն, որ անվնաս կարողանում են քայլել փողոցներով հերիք չի, մի հատ էլ երգ երգել»։
Այս ամենը գրել է տխրահռչակ Լյուսի Քոչարյանը։ Հենց նա, որն այս տարվա ամռանը ԱՄՆ-ում մրցանակ ստացավ բռնության ենթարկված կանանց պաշտպանության համար։ Ճիշտ է, հետո պարզվեց, որ նրա էջում հրապարակվող բոլոր նամակները և ընդհանրապես «ճնշված կանանց պաշտպանության» գործունեությունը ֆեյք էր։ Բայց սույն տիկինն արդեն «փառաբանվել» է Մելանյա Թրամփի հետ շփումով (ինչպիսի՜ պատիվ), և այդ ժամանակից ի վեր իրեն իրավունք է վերապահում ոչ միայն դասեր տալ ուրիշներին, այլև ողորմածաբար թույլ տալ նրանց «անվնաս քայլել փողոցներով»:
Շուշան Պետրոսյանին՝ որպես քաղաքական գործչի և նախկին պատգամավորի, որպես անհատի կարելի է վերաբերվել տարբեր կերպ. ով ինչպես կամենա։ Բայց աղտեղություններ տեղալ երգչուհու հասցեին (այլ բնորոշում դժվար է գտնել) և դրանով իսկ փորձել ապականել Արցախի, հայ զինվորի և հայրենիքի հանդեպ անսահման սիրով տոգորված երգը, դա արդեն միանգամայն ուրիշ բան է։ Պարզապես անթույլատրելիության շրջանակներում անգամ չտեղավորվող հաշվեպարզումներ «նախկինների» հետ՝ պատերազմի ժամանակ, այն պահին, երբ վճռվում է Արցախի և Հայաստանի ճակատագիրը։ Անզեն աչքով էլ ակներև է ոչ միայն պարզապես կոնկրետ մարդու նկատմամբ ատելության նոր ալիք առաջացնելու ցանկությունը, այլև, ինչն ավելի կարևոր է, միտումնավոր ձգտումը՝ դրդելու որոշակի սոցիալական խավին հիշել իրենց ամենանսեմ բնազդները, վերսկսել կատաղի հարձակումները նախկինների դեմ, դրանով իսկ կրկին ցանելով երկիրը «սևերի» ու «սպիտակների» պառակտելու կարծես թե մոռացված սերմերը։
Բավական ցուցանշական է, որ միտումը բխում է հենց տվյալ անձնավորությունից։ Կարելի էր անտեսել նրա գրառումը, եթե դրա տակ ավելի քան հազար «հավանում» չլիներ։ Ճիշտ է, մի մասն էլ վրդովմունք է։ Իսկ մյուս կողմից, պետք է հավանաբար ուրախանալ, որ ընդամենը հազարից քիչ ավելի են։ Բայց համանման աղբյուրներից ստացվող որոշակի ազդանշանների հետ մեկտեղ՝ նման գրառումը հիմքեր է տալիս միանգամայն այլ խոսակցության համար։
Բանն այն է, որ վերջին շաբաթվա ընթացքում հանկարծակի ակտիվացել են հասարակական կազմակերպությունները, որոնք մինչ այդ ոչ մի բառ չէին ասում, ծպտուն անգամ չէին հանում Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Եվ որ անչափ ցուցանշական է, ծղրտոցը կրկին իսկ հնչեց Բաց հասարակության հիմնադրամի թևատակից, որը հոկտեմբերի 21-ին և 27-ին մի քանի հայտարարություն արեց Արցախում տիրող իրավիճակի առնչությամբ։ Հենց այդ հայտարարությունների տակ էլ հիմնադրամի դրամաշնորհներով կերակրվող կազմակերպությունների կոլեկտիվ ստորագրություններն են։ Նրանցից ոչ մեկը չհամարձակվեց ելույթ ունենալ առանձին, առանց «պաշտպանության». միայն նախրով։ Միայն կերակրողի թույլտվությամբ:
Պատերազմի առաջին իսկ օրը գնդակոծության հետևանքով զոհվեց 9-ամյա Վիկտորիան, վիրավորվեցին նրա հղի մայրն ու կրտսեր եղբայրը: Սեպտեմբերի 27-30-ն ընկած ժամանակահատվածում Արցախում զոհվել է ևս չորս կին. բոլորն իրենց տների բակերում, ռմբակոծումից։ Սեպտեմբերյան ընդամենը 3 օրերի ընթացքում, համաձայն Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի տվյալների, զոհվել է 11 քաղաքացիական անձ։
Հայաստանում գրանցված են մի քանի հազար հասարակական կազմակերպություններ, որոնցից ակտիվ են մոտ 700-800-ը։ Բայց կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող բազմաթիվ իրավապաշտպան ՀԿ-ներից և ոչ մեկը մի բառ անգամ չասաց ի պաշտպանություն զոհվածների, իսկ այնուհետ նաև՝ ի պաշտպանություն տասնյակ հազարավոր արցախցիների, որոնց իրավունքները կոպտորեն ոտնահարվում են սեպտեմբերի 27-ից ի վեր. կյանքի, օթևանի, խաղաղության, կրթության, առողջության, արժանապատվության իրավունքը…
Մի քանի օր առաջ հաղորդեցին գերի ընկած և Բաքու տարված 85-ամյա կնոջ մասին։ Նրան վերադարձրեցին, իսկ այ մեկ այլ կին՝ Ազնիվ Բաղդասարյանը մինչ օրս մնում է գերության մեջ։ Թե դեռ քանի պատանդ կա Ադրբեջանում, պարզ չէ։ Դրանից մեկ օր անց Հադրութում գերեվարված մեկ այլ պատանդ՝ 84-ամյա պապիկը, այդպես էլ մահացավ Բաքվում։ Գերեվարել ծերերին. դա պարզապես չի տեղավորվում մարդու ուղեղում... Իսկ ո՞ւր եք դուք՝ քաջարի իրավապաշտպաններ, որ անդադրում շրջում եք աշխարհի տարբեր քաղաքներում ու երկրներում, «համարձակ» զեկույցներ կարդում մարդու իրավունքների մասին և խարազանում այդ իրավունքները խախտող տոտալիտար ռեժիմին։ Մի՞թե չեք տեսել երկու հադրութցիների գնդակահարության տեսանյութը՝ մարդու կյանքի և արժանապատվության իրավունքի խախտման աղաղակող ապացույցը, որի իսկությունը հաստատել է անգամ բրիտանական BBC-ն։
Ո՞ւր են կանանց իրավունքների պաշտպանությամբ ջերմեռանդորեն զբաղվող կազմակերպությունները։ Ինչո՞ւ ձայն չեք բարձրացնում ի պաշտպանություն հադրութցի ծեր կնոջ ու Ազնիվ Բաղդասարյանի, ի պաշտպանություն փախստական դարձած տասնյակ հազարավոր արցախցի կանանց։ Պատասխանը պարզ է. որովհետև դրա համար դրամաշնորհներ չեն տալիս... Ահա և մեր գովական քաղաքացիական հասարակության հակիրճ բանաձևը. չկա փող՝ չկան մարդու իրավունքներ։ Չկան դրամաշնորհներ՝ չկան հայտարարություններ ու ուղերձներ։ Մինչդեռ այդ ՀԿ-ներից յուրաքանչյուրը բազմաթիվ գործընկերներ, բարեկամներ ու կապեր ունի տարբեր երկրներում, և հենց այս պահին այդ շփումները կարող էին գոնե ինչ-որ օգուտ բերել Արցախին ու Հայաստանին։
Հանուն արդարության նշեմ, որ լրագրողական կազմակերպությունները մնացին պրոֆեսիոնալ բարձրության վրա՝ համապատասխան հայտարարություններով հանդես գալով Արցախում լրագրողների իրավունքների խախտման բոլոր դեպքերի վերաբերյալ: Երեկ ստացվեց նաև բնապահպան կազմակերպությունների հայտարարությունը՝ կապված Ադրբեջանի կողմից ֆոսֆոր պարունակող զինամթերքի օգտագործման հետ։
Իսկ հոկտեմբերի 21-ին՝ պատերազմից 25 օր անց, Բաց հասարակության հիմնադրամը հանկարծ արթնացավ։ Եվ սկսեց հանդես գալ հայտարարություններով։ Նրա ձեռքից կերակրվողները պատրաստակամորեն ստորագրում են դրանց տակ։ Ահավասիկ ինքը ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը բարեհաճել է արտահայտվել։ Պայմանական ազդանշանը տրված է. այժմ տեղացիներն էլ կարող են բարձրացնել իրենց «վրդովված» ձայնը: Կարող են, բայց ուշ է։ Այն հարցը թե՝ ինչո՞ւ էին մեկ ամիս շարունակ լռում, հենց ինքնին պատասխանն է: Եվ պարզապես հայտարարություններն էլ՝ առանց կոնկրետ գործողությունների, արդեն ոչ մեկին չեն տպավորում և իրավիճակի վրա չեն ազդում։ Այնպես որ ավելի լավ է լռեք, որպեսզի չշարունակեք խայտառակել ինքներդ ձեզ…
Մինչդեռ հենց այս օրերին, մեր աչքի առաջ ձևավորվում է Հայաստանի իսկական ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ հասարակությունը։ Ի դեմս այն կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների, որոնք նախկինում էլ պարզապես համեստորեն, առանց ինքնագովազդի, առանց ձրի շրջագայությունների ու առանց դրամաշնորհների անում էին իրենց գործը։ Այսօր նրանք են հանձն առել Արցախից Հայաստան եկած հայրենակիցներին ցուցաբերվող օգնության ու աջակցության աշխատանքների հիմնական մասը։ Պետական որոշ կառույցների անօգնականության ու աշխատելու անընդունակության պայմաններում (ինչի մասին գրել է նույնիսկ օմբուդսմենը) այդ հիմնադրամները, կազմակերպություններն ու անհատները կատարում են ահռելի ծավալի աշխատանք, զօրուգիշեր հոգալով կարիքավորների մասին։
Ընդգծեմ. դա ոչ միայն նյութական, այլև հոգևոր բարձր բնույթի աշխատանք է, որը պահանջում է ոգու անսահման կորով և արիություն։ Քանզի պետք է ոչ միայն գտնել կացարան, սնունդ, հագուստ, այլև բաշխել, քեզ վրա վերցնել այն մարդկանց անամոքելի ցավի մի մասը, ովքեր կորցրել են ոչ միայն տունն ու ունեցվածքը, այլև հարազատներին... Ջերմացնել, լսել ու մխիթարել նրանց, ապագայի հույս պարգևել։
Նրանց անունը Արցախ է։ Նրանց անունը լեգեոն է։ Մնացածները փրփուր են, որն ի չիք է դառնալու։ Քանզի Հայրենիքի համար մղվող պատերազմը լավագույն լակմուսն ու լավագույն ջրբաժանն է։ Ոչ թե պառակտելու, այլ սերմը որոմից զատելու և իրական ազգային միասնության էությունն ու զորությունը գիտակցելու համար։