ՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՆ ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ

Եվ կրկին «լրջանալու պահն է»

Ուղիղ 23 տարի առաջ՝ 1997թ. նոյեմբերի 4-ին, այն ժամանակ գործող ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց հասարակական քննարկումների ալիք բարձրացրած, իսկ շատ չանցած նաև իր իսկ հրաժարականին հանգեցրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։

Դրանում առաջին նախագահը մանրախույզ կերպով դատողություններ էր անում, իր իսկ խոսքերով, «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների մասին», միաժամանակ պատասխանելով սեպտեմբերի 26-ի իր մամուլի ասուլիսից հետո ընդդիմության բարձրացրած աղմուկին: «Երբ Արցախը վտանգի մեջ էր, երբ հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին, նրանցից ոչ ոք չարձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին ու չմիացավ մահապարտների գնդին։ Ուրիշի արյան գնով փառք որոնողներից ու հերոս ձևացողներից մեր ժողովուրդը պետք է որ կուշտ լինի»…

Այսօր, երբ Արցախում արդեն 38 օր շարունակվում է պատերազմը, այդ հոդվածի շատ դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը։ Մեզ, օրինակ, արդեն ընտրություն չեն թողել խնդրի խաղաղ կամ ռազմական լուծման միջև։ Որոշ հարցերում ԼՏՊ-ն ակնհայտորեն մոլորության մեջ էր. օրինակ, պնդելով, թե «ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետև դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները»։ Միջազգային հանրության գործոնը նախագահն ակնհայտորեն գերագնահատել է, իսկ Հայաստանի տնտեսական կարողությունները՝ հակառակը, խիստ թերագնահատել, քանի որ 23 տարի պահպանված ստատուս քվոն այնուամենայնիվ բավական երկար ժամանակաշրջան է։ Ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանը առանձնապես գլուխ չէր հանում տնտեսությունից, այլապես չէր ասի, թե արդյունաբերության վերականգնման, աշխատավարձի բազմապատիկ բարձրացման կամ օտարերկրյա ներդրումների ներհոսքի հնարավորությունը ֆանտաստիկա է՝ առանց ղարաբաղյան հարցի լուծման։ Անցած տարիների ընթացքում այդ ամենը և բազմաթիվ այլ բաներ հաջողվել է անել. գուցե ոչ այն չափով, որ կցանկանայինք, բայց այդուհանդերձ կան միանգամայն իրական, այլ ոչ թե մտացածին ձեռքբերումներ։

Բայց հանուն արդարության պետք է ընդունել, որ առաջին նախագահի որոշ թեզեր իսկապես մարգարեական գտնվեցին և պահպանում են իրենց արդիականությունը հենց մեր օրերում։ «Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ և մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռքբերված հնարավոր համաձայնություն»: Եվ այնուհետ. «Փոխզիջման մերժումը և մաքսիմալիզմը (առավելագույնը և ոչ թե հնարավորը ձեռքբերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման և Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։ Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով և 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով… Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական և արաբա-իսրայելյան հակամարտության կողմերը… Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին»: Եվ վերջապես՝ ամենասուր արտահայտությունը. «Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ»։

Այսօր, եթե բացառենք վարչապետ Փաշինյանի սկանդալային ուղերձը, որի ժամանակ նա նախատրամադրում էր հասարակությանը «ցավոտ զիջումների» և նույնիսկ 11 անգամ գործածեց «կապիտուլյացիա» բառը, ոչ ոք Ադրբեջանից ոչինչ չի խնդրում, իսկ փոխզիջման հնարավորությունը կերտվում է մարտադաշտում։ Եվ, իմիջիայլոց, ավելորդ չի լինի այդ առնչությամբ հիշեցնել ներկայիս իշխանավորներին Տեր-Պետրոսյանի ևս մեկ անվիճելի պնդումը. «Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որևէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել»։ Եվ գլխավորը. «Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբևէ չի ստորագրի որևէ փաստաթուղթ, որի տակ չի լինի նաև Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը»։

Եվ էլի՝ հատուկ Նիկոլ Փաշինյանի համար. «Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները։ Մի՞թե ես չէի կարող… վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, հայտարարել, որ (ուշադրություն-Խմբ.) ոչ մի թիզ հող չենք զիջի և այլն»։ Իսկապես պահն է արդեն, որ ոմն մեկը լրջանա…

Այսօր կարևոր են ոչ թե զգացմունքային պոռթկումներն ու մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնելը, այլ իրականության սթափ գնահատականը։ Ուստի համաձայնենք Լ.Տեր-Պետրոսյանի ևս մեկ մտքին. «Ինքնախաբեությամբ չզբաղվենք և զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, և լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է»։

Եվ վերջապես, ինչ վերաբերում է գլխավորին՝ խնդրի փաթեթային կամ փուլային լուծմանը, ապա առաջին նախագահը երկու տարբերակն էլ անվանել է «իրագործելի», համարելով, թե «հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել» (? - Խմբ.): Ավաղ, թե ինչպես դա անել, նա չի պարզաբանել։ Բայց չէ ՞ ԼՏՊ-ն այսօր էլ դեռ ողջ է…

Основная тема:
Теги: