ԴԸՄՓ-ԴԸՄՓ-ՀՈ՛Ւ

Երբ Աստված զրկում է մարդուն ուղեղից, ապա պատերազմում հաղթել, չի բացառվում, հնարավոր է։ Բայց դժվար է։ Երեկ մեր իշխանությունները քննարկում էին կազմակերպել։ Քննարկում էին այն հարցը, թե կարելի էր արդյոք խուսափել պատերազմից։ Նման քննարկման համար ավելի լավ ժամանակ չէր գտնվել։ Այդ թեման «պետք էր» քննարկել հենց հիմա, երբ իշխանությանը քննադատելն արգելված է, իսկ խախտողները տուգանվում են։ Այսինքն եթե որևէ մեկը կարծիք հայտներ, որ պատերազմից խուսափել կարելի էր, եթե չլինեին իշխանությունների սխալները, ապա նրան տեղնուտեղը կտուգանեին։ Որպեսզի քննարկի այն, ինչ «պետք է քննարկել», այլ ոչ թե այն, ինչ ցանկալի և անհրաժեշտ է քննարկել։ Ուստի իշխանությունները շատ «յուրաժամանակ» կազմակերպեցին նման քննարկումներ։

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ՄԻ ԱՂՋԻԿ՝ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻՑ: Նա ասաց, որ թավշե հեղափոխությունը միայն հետաձգել է անխուսափելի պատերազմը։ Շատ խելացի աղջիկ է։ Ու համեստ։ Քանզի համեստություն է անում։ Պատերազմը հետաձգվեց ոչ միայն այն պատճառով, որ Հայաստանում տեղի ունեցավ սիրո և համերաշխության թավշե հեղափոխություն։ Դա երկրորդական պատճառն է։ Իսկ առաջնային պատճառն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները վախենում էին պատերազմ սկսել, քանի որ գիտեին, որ Հայաստանում կա մի այդպիսի խելացի աղջիկ, ուստի չէին հանդգնում ռիսկի դիմել։ Խելացի աղջկա լույս աշխարհ գալն արդեն իսկ տասնամյակներով կանխել է պատերազմը, որը պետք է սկսվեր շատ ավելի շուտ։ Ըստ էության, աղջկա ծնունդն ինքնին դարձել է ղարաբաղյան առաջին պատերազմում հաղթանակի ավետիսը։ Եվ միայն այն ժամանակ, երբ Հայաստանում ակտիվացավ ընդդիմությունը, Բաքվում որոշեցին, որ հիմա աղջիկը չի կարող դրսևորել իր տաղանդները, և պատերազմ սանձազերծեցին։

Առհասարակ համեստությունը անվիճելի դրական հատկանիշ է, որը բնութագրում է մեր իշխանություններին ու նրանց հավատարիմ կողմնակիցներին։ Օրինակ, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը համարում է, որ աշխարհում կա միայն չորս արժանի առաջնորդ. Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի և Հայաստանի առաջնորդները։ Համեստությունը զարդարում է մարդուն, բայց ախր ո՛չ այդ աստիճան։ Չի՛ կարելի այդպես... Անկեղծ ասեք, մի խորամանկեք ժողովրդի առջև, ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ Մակրոնը, Թրյուդոն ու Կուրցը մեր Փաշինյանի համեմատ։ Ո՞ր մի ապուշը կարող է կշեռքի նույն նժարին դնել նրանց։ Չէ՞ որ միանգամայն տարբեր կատեգորիաներ են։ Այդ երեքը լոկ ենթավարպետներ են մեր «ուղեղի» համեմատ, չենք խոսում արդեն այլ առաջնորդների մասին։ Դրանք Փաշինյանի եղունգն անգամ չարժեն։

Իսկ ո՜նց էր մեր «ուղեղը» հետաձգում պատերազմը՝ խորհրդարանի աղջկա հետ միասին։ Սերժին հեռացրեց՝ հետաձգեց։ Կարապետյանին հեռացրեց՝ է՛լ ավելի հետաձգեց։ Քոչարյանին նստեցրեց՝ ավելի հետաձգեց։ Երբ Մանվելի տանը «տուշոնկաներ» գտավ, Բաքվում ընդհանրապես թևաթափ եղան. ինչպե՞ս կարելի է նման բանից հետո պատերազմ սկսել: Դեռ նոր էին մի քիչ առույգացել ու որոշել սկսել, մեկ էլ՝ ա՛ռը հա, Հայաստանում գործ հարուցեցին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի դեմ, և պատերազմը կրկին հետաձգվեց։

Իսկ ո՜նց Փաշինյանը լուծարեց Սահմանադրական դատարանը։ Դա իսկը մեղեդի՛ էր։ Ալիևն արմունկներն էր կրծոտում հուսահատությունից, որ Փաշինյանը, խորհրդարանի աղջիկն ու նրանց թիմը թույլ չեն տալիս իրեն պատերազմ սանձազերծել։ Եվ ի վերջո, ե՞րբ Ալիևը սկսեց պատերազմը։ Ծառուկյանի կալանավորումից հետո։ Այսինքն՝ երբ արդեն մարդ չմնաց, որ նստեցնեն։ Միայն դրանից հետո։

Իսկ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը գրում է, որ հենց Բայդենը դառնա նախագահ, Հայաստանի վերաբերյալ Վուդրո Վիլսոնի ծրագիրը կյանքի կկոչվի, և ընդհանրապես պետք է Ղարաբաղում տեղակայել ՆԱՏՕ-ի զորքերը։ Որովհետև այդ ժամանակ Հայաստանը խաղաղություն և հաղթանակ կունենա…

Իհարկե, իրավացի է խորհրդարանի այդ աղջիկը։ Պատերազմը չափից ավելի հետաձգելն անհնար էր։ Քանզի երբ Աստված զրկում է իր զավակներին բանականությունից, այդտեղ արդեն ոչնչով չես օգնի։ Դըմփ-դըմփ-հո՛ւ։

Основная тема:
Теги: