ՊՏՈՒՏԱՄԵԽԵՐ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԼԽՈՒՄ

Կա աչքի անբուժելի հիվանդություն. գերան։ Այն փակում է բնապատկերը, ճնշում է փոքր ուղեղի վրա ու ստեղծում կեղծ զգացողություն, թե բոլոր դժբախտություններիդ մեղավորն ուրիշներն են. ով ասես, բացի քեզանից։ Շատ հաճախ այդ վտանգավոր հիվանդությունն ուղեկցվում է ընտրողական ամնեզիայով, երբ մտապահվում է միայն այն, ինչը ձեռնտու է, և իսպառ մոռացվում մնացածը, ոչ ձեռնտուն։ Մի այդպիսի յուրօրինակ կիսամնեզիա։

Տեսնենք, թե ինչպես են արձագանքում նկարագրված հիվանդությամբ ախտահարված անձինք գնալով ավելի հաճախ հնչող այն առաջարկներին, որ գործող կառավարությունը պետք է հոժարակամ հեռանա՝ զիջելով իշխանությունն այն գործիչներին, որոնք կարող են դուրս բերել երկիրը ճգնաժամից։ Մենք ամենևին չենք պատրաստվում վիճաբանության մեջ մտնել ո՛չ առաջիների, ո՛չ էլ երկրորդների հետ։ Այլապես այդպես էլ կշարունակենք պտույտներ գործել, սայթաքելով նույն ճիմաթմբերի ու կոճղերի վրա: Սահմանափակվենք լոկ արձանագրումով։ Եվ այսպես, ինչո՞ւմ են մեղադրում իշխանությունները կառավարության հրաժարականի կողմնակիցներին։

1. Նման պահանջն անօրինական է, հակասում է Սահմանադրությանը և փաստացի ռազմական հեղաշրջման փորձ է։

Սկսենք նրանից, որ սա ոչ թե պահանջ է, այլ ընդամենը առաջարկ, և առ այսօր դա հնչեցրել են բացառապես քաղաքացիական անձինք։ Այնպես որ ռազմական հեղաշրջման որևէ փորձի մասին խոսք անգամ չկա։

Ինչ վերաբերում է հակասահմանադրականությանը... Սքանչելի՛ խոսքեր։ Բայց ո՞վ է դրանք արտաբերում, ո՞վ է հոգ տանում Սահմանադրության պահպանման մասին։ Մարդիկ, որոնք զավթել են իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով և ողջ այս ընթացքում ամեն դիրքով բանեցնում են Սահմանադրությունն իր բոլոր հոդվածներո՞վ։ Ըստ նրանց պատկերացումների՝ Սահմանադրությունը ճկուն տիկին է, ցանկության դեպքում կարելի է մոտենալ նրան ամեն կողմից, միայն ուրախ կլինի։ Մի՞թե հենց իրենք չեն բազմիցս ստիպել Սահմանադրությանը, որ հետը վերցնելով բոլոր օրենքները, շարային քայլքով գնա գրողի ծոցը։

Իսկ այսօր ողջ Քրեական օրենսգիրքը ծայրեծայր խախտած և երեք Հաագայի արժանի անձինք քաղաքացիների գլխում ոլորում են պտուտամեխը Սահմանադրության տառը սրբորեն պահպանելու անհրաժեշտության մասին։ Եթե ուշադիր զննենք, այս ամենն անչափ հիշեցնում է մեղայականով ներկայանալը, բայց ինչո՞ւ զննենք: Խնայենք մեր աչիկները:

2. Պատերազմի ժամանակ կառավարության հրաժարական պահանջելը դավաճանություն է։

Կամ, ինչպես արտահայտվեց «Իմ քայլի» պատգամավոր Կարեն Սարուխանյանը. «Այս պահին նմանատիպ հայտարարություն անողին և նման պահանջ ներկայացնողին ես ազգի դավաճան եմ համարում։ Ներսից էլ, ով նման պահանջ է դնում, ազգի դավաճան է։Եվ այդ մասին խոսող ռուս փորձագետներն էլ, նրանք էլ են ազգի դավաճան»։

Խրթին է, իհարկե, բայց հասկանալ կարելի է։ Իսկ այ համաձայնել՝ չի կարելի։ Ի դեպ, կարծում եմ, նպատակահարմար է առաջիկայում հոգեբուժական փորձաքննության ենթարկել պատգամավորին։ Ի՞նչ եք կարծում, մեղսունակ կճանաչվի՞ ռուս փորձագետներին ազգի դավաճաններ համարող մարդը։ Հետաքրքիր է, ո՞ր ազգի։

Բացարձակապես անհասկանալի է, թե ինչու է պատերազմի ժամանակ կառավարության հրաժարականի առաջարկը ոմանց կողմից որակվում իբրև դավաճանություն։ Մարդկության պատմության մեջ կարելի է գտնել տասնյակ հազարավոր օրինակներ, թե ինչպես են պատերազմական պայմաններում արդյունավետ գործելու անընդունակներին հնարավորինս շուտ փոխել՝ իրավիճակը շտկելու, ճգնաժամից դուրս գալու և հաղթելու համար։ Եվ հաղթել են։ Իսկ ի՞նչ է մնում անել նման իրավիճակներում։ Հնարավորություն տալ ապաշնորհներին, որ երկիրը հասցնեն կործանմա՞ն։ Բայց չէ՞ որ հենց դա կլինի դավաճանություն։ Թվում էր, թե դա պիտի որ հասկանալի լինի յուրաքանչյուր հիմարին։ Բայց պարզվեց՝ ոչ յուրաքանչյուրին։

Կա, իհարկե, բոլոր խնդիրները լուծելու գերազանց միջոց. փակել աչքերն ու ինքնաներշնչել, թե իրականում ամեն ինչ հիանալի է: Իսկ որպեսզի մնացած բոլորի համար էլ լավ լինի, պետք է, որ նրանք էլ փակեն աչքերը։ Իսկ ով բացի բերանն ու փորձի ծպտալ, նրա՝ սողունի, դավաճանի հաշիվները մաքրել, որպեսզի չխանգարի: Հենց այդ ճանապարհն էլ ընտրել է իշխանությունը։

3. Պատերազմական շրջանում կառավարության հրաժարականը պահանջողները պառակտում են հասարակությանը, մինչդեռ ազգին այսօր անհրաժեշտ է համախմբում։ Դրա համար պետք է ոչ թե քննադատել կառավարությանը, այլ ամեն կերպ աջակցել նրա բոլոր նախաձեռնություններին ու գործողություններին։

Որ ազգին այսօր անհրաժեշտ է համախմբում, ոչ ոք չի վիճում։ Բայց մի՞թե հենց ընդդիմությունը չէր, որ պատերազմի առաջին իսկ օրերից հայտարարեց, որ մոռանում է իշխանության հետ բոլոր տարաձայնությունների մասին և պատրաստ է ամեն ինչում աջակցել նրան։ Մի՞թե նախկին նախագահներն ու զորահրամանատարները չէին, որ անմիջապես մեկնեցին Արցախ, որպեսզի իրենց գիտելիքներով ու փորձով օգնեն դիմակայել թուրք-ադրբեջանական ագրեսիային։ Բայց նրանց պարզապես մեկուսացրեցին ու մոտ չթողեցին որոշումների կայացմանը, փաստորեն մերժեցին օգնությունը։ Ավելին, նույնիսկ պատերազմի պայմաններում ցանցային քիլերների իշխանամետ բանակը շարունակեց ու շարունակում է ցեխ շպրտել «նախկինների» վրա։ Այդպե՞ս է ձեռք բերվում ազգի համախմբվածությունը։

Ինչի՞ մասին է խոսքը, եթե իշխանության ներկայացուցիչները համերաշխ հարձակվեցին իրենց հոգևոր ուսուցիչ Լևոն Տեր-Պետրոսյանի վրա, երբ վերջինս Նիկոլ Փաշինյանի համար տհաճ կարծիք հայտնեց՝ Ռուսաստանի նախագահին նրա հղած ուղերձի առնչությամբ։

Իշխանությունը շարունակում է վարակել հասարակությանը անհաշտությամբ ու ագրեսիայով, ֆսֆսան մռայլ զոռբայությամբ, քարանձավային կոնսպիրոլոգիայով, ընդ որում հավաստիացնելով, թե համախմբում է հասարակությանը։ Դե ինչ, ստելու ունակությունը գիտություն է։ Գեղեցիկ ստելու ունակությունը՝ արվեստ: Մեր համաքաղաքացիների բախտն այդ առումով անասելի բերել է։ Մեզ հաջողվել է հանգամանորեն ուսումնասիրել այնպիսի հուզիչ գործընթացի բոլոր նրբություններն ու հրապույրները, ինչպիսին ականջներին կախելիք լապշայի արտադրությունն է։ Իշխանությունը փորձում է չհիասթափեցնել մեզ և ճշտախոսություն գործնականում չի ցուցաբերում։

Սա, թե կուզեք իմանալ, արդեն պաթոլոգիա է։ Թեև, մյուս կողմից, ո՞վ կարող է «նոր Հայաստանում» դատել պաթոլոգիայի առկայության մասին, եթե նորալ վիճակ ոչ ոք չի տեսնում արդեն գրեթե երեք տարի շարունակ։