Ֆրանսիայի ԱԳՆ. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է վերսկսեն բանակցությունները Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման շուրջ

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մեկնաբանել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ:

«Մենք ի գիտություն ենք ընդունել այս համաձայնագիրը և ներկայումս ուսումնասիրում ենք դրա պայմաններն ու հետևանքները: Ակնկալվում է, որ պարզաբանումներ կտրվեն` դրանց ազդեցությունը գնահատելու համար:

Ռազմական գործողությունների ավարտը շատ կարևոր է: Անցած մի քանի շաբաթվա ընթացքում կողմերը բազմիցս ստանձնել են այս պարտավորությունը, և մենք հավատարիմ ենք մնում ենք այդ առաջնահերթությանը Մինսկի խմբի համանախագահության ներքո: Ուստի մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը խստորեն կկատարի իր ստանձնած պարտավորությունները և անմիջապես կդադարեցնի հարձակումը: Այս կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում չձեռնարկել այնպիսի գործողություններ, որոնք հակասում են այս առանցքային առաջնահերթությանը:

Այս դժվար պահին Ֆրանսիան վերահաստատում է իր անկեղծ բարեկամությունը հայ ժողովրդի հետ` Հայաստանի հետ մեր սերտ մարդկային, մշակութային և պատմական կապերի լույսի ներքո: Այս ողբերգական պայմաններում մենք աջակցում ենք նրան: Մասնավորապես, մենք աշխատելու ենք` անհրաժեշտ մարդասիրական աջակցության ապահովման համար: Իսկապես, բնակչության տեղահանությունից և ռազմական գործողություններից բխող իրավիճակը լուրջ հումանիտար հետևանքներ ունեցավ:

Վերջին շաբաթներին Ֆրանսիան մոբիլիզացրել է իր ջանքերը` քաղաքացիական հասարակության մեծ թվով նախաձեռնությունների միջոցով: Ֆրանսիայի իշխանություններն այս նախաձեռնություններին մասնակցում են բժշկական օգնությամբ, որը Երևան է ժամանել անցյալ շաբաթվա վերջին և վիրաբույժների թիմեր է ընդգրկել, որոնք մասնագիտացած են հակամարտության զոհերի բուժման մեջ: Հայաստանին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու ուղղությամբ առաջիկա օրերին այլ նախաձեռնություններ ևս կձեռնարկվեն:

Վերջապես, կողմերի միջև հակամարտության տևական լուծման շուրջ բանակցությունների վերսկսումը երեկ հայտարարված հրադադարից հետո անհրաժեշտ է մնում: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Ֆրանսիան ակտիվորեն կմասնակցի այդ ջանքերին: Երկու կողմերի բանակցությունները պետք է վերսկսվեն առանց հապաղման: Դրանք պետք է թույլ տան, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում տեղահանված մարդիկ վերադառնան, և որոշեն Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- ասված է Ֆրանսիայի արտգործնախարարի հայտարարության մեջ, տեղեկացնում է News.am: