«Հանրապետություն» կուսակցության առաջնորդը, որը ՔՊ-ի հետ դաշինք կազմեց, որպեսզի «Հանրային ձայն» կուսակցության օգնությամբ քաղաքապետ նշանակի Տիգրան Ավինյանին, օրերս նախազգուշացրեց հասարակայնությանը ներքաղաքական իրավիճակի ապակայունացման հնարավոր փորձերի մասին, «այդ թվում՝ ահաբեկչությունների միջոցով, որոնք Ռուսաստանը կիրառել է այլ երկրներում»։ Այդ առնչությամբ Արամ Զավենիչը վճռականորեն մատնանշեց հայ հասարակության առավել «վտանգավոր» հատվածը։
«Ամենից վտանգավորը նրանք են, ովքեր ձգտում են Հայաստանի անվտանգությունը կապել Պուտինի և միութենական պետության հետ՝ ժողովրդին վստահեցնելով, թե ներկայիս պայմաններում դա լավագույն ելքն է անվտանգության ապահովման տեսանկյունից»,- նշեց նա՝ ընդգծելով, թե «միայն Արևմուտքի ջանքերի շնորհիվ է, որ Հայաստանը դեռ չի մասնատվել ամեն տեսակի միջանցքների»։ Նրա խոսքերով, սպառազինությունների ոլորտում հավասարակշռության հասնել հնարավոր է միայն Արևմուտքի աջակցությամբ, Իսկ ՀՀ-ում իշխանափոխության ցանկացած փորձ կօգտագործվի Ադրբեջանի կողմից իր տարածքային նկրտումներն իրականացնելու համար: