«Փաստ» թերթը գրում է. «Մինչ ժողովրդի ինտելեկտուալ մասն, այսինքն՝ մեծամասնությունը, պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, վերջինիս թիմը ջանք ու եռանդ չի խնայում «ջրի վրա» մնալու համար: Սակայն այդ ճանապարհին օր օրի այնպիսի արտահայտություններ են թույլ տալիս, որ արդեն բազմաթիվ կարծիքներ կան, թե նրանք կորցնում են բանականության վերջին նշույլները: Մասնավորաբար, մեկն ասում է, թե Ադրբեջանում հայ գերիներին լավ են վերաբերվում, մեկ ուրիշը կոչ է անում Պուտինի հրաժարականն էլ պահանջել, քանի որ նա էլ է ստորագրել եռակողմ հայտարարությունը, մյուսն ընդհանրապես առաջարկում է Ադրբեջանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, մեկ այլը «արջն ահից է գոռում» սկզբունքով ամեն օր գրում է, թե «թավիշ չի լինելու», հաջորդն ասում է, թե «Կաթողիկոսն ու Արամ Ա-ն ժողովուրդ չեն», պատահական պատգամավոր դարձած մեկն էլ «կզած» է համարում համայնքների ղեկավարներին և այլն, և այլն: Նման «մտքերից» հատորներ կարելի է գրել: