Մայիսի 28-ը կարող է շրջադարձային դառնալ Դիմադրության շարժման համար, և դա բավական խորհրդանշական կլինի։ Երևանում և Ստեփանակերտում գրեթե զուգահեռաբար անցկացված տպավորիչ հանրահավաք-երթերը, ըստ էության, նշանավորեցին հայ ժողովրդի երկու հատվածների միավորումը Արցախի և Հայաստանի թուրքացման դեմ պայքարում: Բազմահազարանոց ցույցերը հայոց երկու մայրաքաղաքներում, նույն կարգախոսներն ու պահանջները, հոգեկան ցնցումից ուշքի գալու և ընդարմությունից սթափվելու նույն մթնոլորտը և հույսի վերածնունդը, որ դեռևս ուշ չէ փրկել Հայրենիքը. այս ամենը շարժման մասնակից բոլոր հասարակական ու քաղաքական ուժերի շարունակական պայքարի, տեղեկատվական ու լուսավորչական գործունեության արդյունքն էր: