ՄՈՐԱՔՐՈՋ ՀԱՐՍԻ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ
Խոստովանեք, թանկագին ընթերցողներ, ձեզ նույնպես վերջին ամիսներին չի՞ լքում այն զգացողությունը, որ «թիվ 6 հիվանդասենյակը» սրընթաց իրականության է վերածվում ողջ երկրի մասշտաբներով, և որ դրա հավանական հիվանդներն ապրում են մեր կողքին, ունեն կոնկրետ անուններ և նույնիսկ ուղղակի կապ իշխանության հետ։ Ինչպես նաև այն կպչուն զգացումը, որ նրանք իրենց զգում են Հայաստանի տերեր և համոզված են, որ աղաղակող տգիտությունը, ինտելեկտի իսպառ բացակայությունը, տարրական բաներ հասկանալու անկարողությունն ու պարզունակ անդաստիարակությունը ոչ մի կերպ չեն կարող արգելք հանդիսանալ բարձր պաշտոնում պետական գործունեության համար։ Այդ մարդիկ նաև համոզված են, թե հենց իրենց նմաններն այսօր պետք է պահեն Հայաստանի ղեկը, մի երկրի, որը հոգեպես առողջ քաղաքացիները համարում են քաղաքակիրթ պետություն, իսկ իրենց ազգը՝ անչափելի մտավոր ռեսուրսի և հնագույն, ամենահարուստ ու աշխարհով մեկ փառաբանված մշակույթի կրող։