ՀԱՆԳՍՏԱՆԱԼ ԿՐԱԿԱԴԱՇՏՈ՞ՒՄ
Հայաստանի զբոսաշրջության ոլորտը արթնանալու նշաններ է ցույց տալիս, ինչի մասին վկայում է 2021 թվականի առաջին եռամսյակում երկրի զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը, որը կազմել է 86 հազար: Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, այս մասին հայտնել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԸ։ «Եթե համեմատենք անցյալ տարվա առաջին եռամսյակի հետ, 72 տոկոսից մի փոքր ավելի նվազում կա. 311 հազար է եղել 2020-ի առաջին եռամսյակում։ Բայց 2020-ի առաջին եռամսյակում կորոնավիրուս չէր, մենք բնականոն կյանքով էինք ապրում, իսկ եթե համեմատենք կորոնավիրուսի պայմաններում այցելությունների ցուցանիշի հետ, ապա անցյալ տարվա երկրորդ, երրորդ, չորրորդ եռամսյակներում միասին վերցրած այն 65 հազարը չի գերազանցել։ Հիմա արդեն 86 հազար է միայն այս տարվա առաջին եռամսյակում՝ այն դեպքում, որ առաջին եռամսյակը միշտ ամենապասիվն է լինում»,- նշել է Ապրեսյանը։