Անցնող շաբաթ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ կոչ արեց Ադրբեջանին, որ վերջինս հարգի Լեռնային Ղարաբաղից կալանավորներին առնչվող իրավիճակի վերաբերյալ պատշաճ ընթացակարգը, կալանավորների պաշտպանության հիմնարար սկզբունքները, ինչպես նաև համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանում հայ կալանավորների ազատ արձակումն ու հայրենադարձությունը կնպաստեն ընդհանուր խաղաղ գործընթացին: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հորդորեց Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և անհապաղ ազատ արձակել բոլոր անարդարացիորեն ձերբակալվածներին։
News.am-ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանի հետ: