Նոյեմբերի 23-ին կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունից հետո Փաշինյանը զայրալից մենախոսություն պոռթկաց, որի էությունը հանգում էր հետևյալի արձանագրմանը. «Եկեք ասենք՝ մենք մեր ժողովրդի առաջ ստանձնած պարտավորությունները չենք կատարել՝ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքի վեադարձման առումով։ Ես չեմ համարում, որ այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է: Կաշառք են վերցնում՝ ով որտեղ պատահի»։ «Ես նորից եմ ասում, որ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան»,- ընդգծեց ռեժիմի պարագլուխը այն դատողություններից հետո, թե «հենց որ բանը հասնում է կոնկրետ անունների, անմիջապես պարզվում է, որ մեկը համաշխարհային դեպք է, մեկը՝ ռեգիոնալ, մեկը՝ ազգային, մեկը՝ թաղային, մեկը՝ քաղաքային, մեկը՝ կրիմինալ է»։ Այլ կերպ ասած՝ Փաշինյանը պահանջեց շտապ կարգով դատավճիռներ կայացնել բոլոր աղմկահարույց գործերով։