Սյունիքում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև բախումները, ի թիվս այլ բաների, Մոսկվայի հասցեին քննադատության հերթական ալիք բարձրացրին: Իշխող կուսակցության որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև մի շարք մարգինալ ուժեր շտապեցին մեղադրել Ռուսաստանին, որ իբր չօգնեց դաշնակցին: Իրավիճակն ուշադիր ուսումնասիրելու և ավելի լայն համատեքստում դիտարկելու դեպքում, սակայն, ոչ այնքան միանշանակ պատկեր է ուրվագծվում։
Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինի կարծիքով՝ ռուսական քաղաքականությունը Հարավային Կովկասում շատ բազմաշերտ է, և հնարավոր չէ պահանջել Մոսկվայից նույն հռետորաբանությամբ անվերապահ աջակցություն ցուցաբերել Հայաստանին, ինչպես դա անում է, օրինակ, նույն Թուրքիան Ադրբեջանի հանդեպ։