ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների երդման տեքստի փոփոխությունն ընդամենը հետևանքն է այն քաղաքականության, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, և որը ամբողջովին տեղավորվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գծած շրջանակի մեջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Ավելի վաղ «Հրապարակը» գրել էր, որ ՔՊ-ականները որոշել են փոխել պատգամավորական երդման տեքստը՝ այն հարմարեցնելով Փաշինյանի հորինած «իրական Հայաստանի» գաղափարին։ Հիմնական փոփոխությունը վերաբերում է երդման հետևյալ հատվածին` «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»։ Այս ձևակերպման փոխարեն առաջարկվում է հետևյալ տարբերակը` «անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության և բարեկեցության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության համար»։
««Ազգային» բառը փոխեցին, հիմա էլ «համազգայինի» դեմ են կռիվ տալիս։ Եթե մարդիկ հրաժարվել են Հայքի գաղափարից, Ցեղասպանության միջազգային ճանաչումից, Արցախի հայկականությունից, ազգային արժեքներից, եթե իրենց ղեկավարը հայտարարում է Անկախության հռչակագրից հրաժարվելու և նոր Սահմանադրություն ընդունելու մասին, եթե հակասության մեջ են դնում պատմական և իրական Հայաստանը, հայրենիքը և պետությունը, բնականաբար, սպասելի էր նաև նման օրենսդրական նախաձեռնությունը»,– նշեց Էդուարդ Շարմազանովը։
Քաղաքական գործիչը նշում է` Հայաստանի ինքնիշխանության, պետականության ամրապնդումը չի կարող հակասության մեջ լինել հայրենիքի գաղափարի և համազգային նպատակների հետ։
«Պրոբլեմն այստեղ ավելի մեծ է։ Իրենք 29. 740 քառակուսի կիլոմետրը հակադրում են մեր պատմական հայրենիքին, մեր ազգային արժեքներին։ Հայաստանի որևէ իշխանություն մինչև 2018 թվականը երբեք որևէ տարածքային պահանջ չի ունեցել որևէ հարևան երկրից»,– արձանագրում է Շարմազանովը։
Պատգամավորական երդման նոր տեքստում առաջարկվում է նաև «երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առաջ ունեցած պարտավորությունները» ձևակերպումը փոխարինել «երդվում են բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականությունները» ձևակերպմամբ։ Ուստի ՀՀԿ խոսնակից նաև հետաքրքրվեցինք` արդյոք սա որևէ ձևով նսեմացնում է ժողովրդի քվեն ստացած օրենսդիր մարմնի ներկայացուցչի դերը։
«Այսինքն իրենք ժողովրդի ներկայացուցիչ են, ընդդիմադիր պատգամավորները ժողովրդի ներկայացուցիչները չե՞ն։ Բայց սա ավելի գլոբալ հարց է. Նիկոլ Փաշինյանը փորձում է արհեստական բանավեճ մտցնել` իբր թե ինքը Հայաստանի պետականության ջատագովն է, մենք էլ ծավալապաշտական, Թուրքիայից, Ադրբեջանից տարածքային նկրտումներ ունեցողներ ենք։ Նման բան չկա, բայց էն պետությունը, որը չունի ազգային նպատակ, էն պետությունը, որը չունի համազգային նպատակ ու չունի ազգային ոգի, այդ պետությունը, դեռ հարց է` գրոշի արժեք ունի՞, թե՞ չունի»,–եզրափակեց Շարմազանովը։
Հավելենք, որ պատգամավորական երդման տեքստը փոփոխելու օրենսդրական առաջարկով հանդես են եկել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանն ու Հասիկ Հակոբյանը։
