ԱՄՆ զինված ուժերը հինգշաբթի օրը Իրանին հասցրած հարվածների ժամանակ կիրառել են «Տոմահավկ» (Tomahawk) տեսակի թևավոր հրթիռներ։ Ինչպես պարզ է դառնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներից, հրթիռներն արձակվել են Արաբական ծովում գտնվող ավիակիրներից։
Հրամանատարությունը նաև տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են հրթիռներ արձակվում «USS Michael Murphy» էսմինեցից, որն այս պահին գտնվում է Արաբական ծովում՝ Իրանից դեպի հարավ-արևելք տեղակայված ամերիկյան ռազմական նավախմբի կազմում։
ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության փոխանցմամբ՝ CENTCOM-ն այսօր տնօրինում է 14 հրթիռակիր էսմինեց։ Կախված սպառազինության համալրումից՝ այս նավերից յուրաքանչյուրը կարող է կրել ծովային բազավորման առնվազն 32 «Տոմահավկ» թևավոր հրթիռ, որոնց հարվածի հեռավորությունը հասնում է 1600 կիլոմետրի։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Fox News» հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Իրանի թիրախներին հարվածելու ընթացքում արձակվել է 49 «Տոմահավկ» հրթիռ, ինչպես նաև գործի են դրվել հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերը խոցելու համար նախատեսված կործանիչներ։ Նրա խոսքով՝ թիրախները գտնվել են Պարսից ծոցի իրանական ափամերձ գոտում, իսկ որոշներն էլ՝ Թեհրանից 65 կմ հեռավորության վրա։
Ինչպես հայտնում է CENTCOM-ը, գործողության ընթացքում ամերիկյան զինված ուժերը «հարվածներ են հասցրել Իրանի ողջ տարածքում գտնվող ռազմական օդային դիտարկման միջոցներին, կապի համակարգերին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին։ ԱՄՆ ծովային հետևակը, ռազմաօդային և ռազմածովային ուժերը բարձր ճշգրտության զինամթերք են կիրառել իրանական այն թիրախների ուղղությամբ, որոնք սպառնալիք էին ներկայացնում ամերիկյան զորքերի և տարածաշրջանային ջրերով անցնող միջազգային առևտրային նավերի համար»։
Լույս հինգշաբթի գիշերը ամերիկացի զինվորականները հերթական անգամ գրոհել են Իրանը։ CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «ինքնապաշտպանության նպատակով» և եղել են «ի պատասխան Իրանի կողմից շարունակվող ու չարդարացված ագրեսիայի»։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հզոր պայթյուններ են որոտացել երկրի վեց շրջաններում։
Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբն ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել են բոլոր տեսակի նավերի համար Հորմուզի նեղուցը փակելու մասին։
News.am
