Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքականությամբ զբաղվում են կուսակցությունները։ Այս մասին հունիսի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Ես որևէ կերպ որևէ կառույցի և իշխանության թույլ չեմ տա, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին և փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին: Այնպես որ, մեր և մեր եկեղեցականաց կեցվածքն ու դիրքորոշումը շատ ամուր է և հստակ:
Կուսակցությունների բոլոր անդամները Հայոց եկեղեցու զավակներն են։ Կրկնում եմ, որ Եկեղեցին ներգրավված չէ քաղաքականության մեջ, սակայն մեր պետության և մեր ժողովրդի մտահոգող հարցերի ու խնդիրների առնչությամբ, որոնք հասարակական հնչեղություն են ստանում և կարող են մեր ժողովրդին կանգնեցնել վտանգի առջև, Եկեղեցին առաջնային պարտավորություն ունի ասելու իր խոսքը և արտահայտելու իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- ընդգծել է Կաթողիկոսը։
Նա հավելել է, որ միջազգային հանրությունը Եկեղեցու շուրջ ընթացող գործընթացները համարել է երկրի ներքին խնդիր և որևէ կերպ չի արձագանքել, չնայած նրան, որ մենք համապատասխան նամակներ էինք ուղարկել տարբեր կառույցների։
«Միևնույն ժամանակ եկեղեցական կառույցները, այդ թվում՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների համաժողովը, պատշաճ կերպով արձագանքեցին և իրենց աջակցությունը հայտնեցին մեր եկեղեցուն»,- նշել է Կաթողիկոսը։
Գարեգին Բ-ն բարձր է գնահատել Հայ առաքելական եկեղեցու բոլոր հոգևորականների դիրքորոշումը և շնորհակալություն հայտնել նրանց, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին, Երուսաղեմի պատրիարքության առաջնորդ արքեպիսկոպոս Նուրհան Մանուկյանին և Կոստանդնուպոլսի պատրիարքության առաջնորդ արքեպիսկոպոս Սահակ Մաշալյանին։ «Մեր եկեղեցին միասնակամ է»,- եզրափակել է Կաթողիկոսը։
News.am
