Логотип

ԲՈԼՈՐԻՆ «ԾՆԳԼ ԱՐԱԾՆԵՐԸ». ԱՐԱԲԱՏ-ՕՄԵԳԱՆ ՄԻԱՑԱՎ ԱՏԵԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՏՅԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻՆ

Որքան էլ նողկալի է «Քաղաքացիական պայմանագրի» քարոզարշավի մասնակիցների պահվածքը, այնուամենայնիվ արժե շնորհակալություն հայտնել նրանց անկեղծության համար։ Հայ ժողովրդի նկատմամբ սեփական ատելության արտահայտման անկեղծության։ Հայերի գերակշիռ մասին Հայաստանից վռնդելու իրենց մտադրության բացահայտ խոստովանության համար, որպեսզի չխանգարեն վայելել կյանքը թուրքերի միջավայրում։ Անթաքույց հայատյացության և իրենց անհաճո համաքաղաքացիների հանդեպ մաքառող ագրեսիայի համար՝ ընդհուպ մինչև խորքային, արդեն որևէ կասկածից վեր թշնամանք։

ԿԱՐԵԼԻ Է ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ «ՀՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐ» ԱՐԱԲԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ ԱՅՍ ԱՐՇԱՎԻՆ ԱՆՁՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ։ Նրան դա հաջողվեց գերազանց կերպով, և նույնիսկ հետագա բացատրությունը հրամցվեց շեֆի լավագույն ավանդույթներով. իբր՝ սխալ եք հասկացել։ Նույնիսկ վրդովվեց, թե մի՞թե ինչ-որ մեկը կարող էր մտածել, որ գերիների մասին հարցին կարելի է պատասխանել՝ «ծնգլ արիք»։ Միակ տրամաբանական, բայց, բնականաբար, հռետորական հարցը տվյալ դեպքում հետևյալն է. իսկ ինչո՞ւ ոչ։

Ինչո՞ւ ոչ, եթե նախարարի պաշտոնում անձամբ Արաբատի ողջ գործունեությունը վերջին մի քանի տարիներին ակնառու կերպով ցույց է տալիս հենց այդպիսի վերաբերմունքը գերության մեջ տառապող հայրենակիցների ճակատագրի նկատմամբ։ Ինչո՞ւ ոչ, եթե դեռևս 5 տարի առաջ նույն ազգադավ հանցախմբի ոչ պակաս բարձրաստիճան մեկ այլ ներկայացուցիչը սեթևեթանքով հայտարարեց, որ իր համար «գերիները արդեն չկան»։ Ինչո՞վ է Միրզոյանը տարբերվում Սիմոնյանից. նրանով, որ նախկինում եղել է թուրքական լրտես ու հատուկ ծառայությունների գործակալ, իսկ իր թայֆակիցը գռեհիկ սկետչների նախկին մանր դերասա՞ն է։

Ախ հա՜, Արաբատն ախր երկրի թիվ մեկ դիվանագետն է, Ռուբիոյի հետ է նստում-ելնում, ամենաբարձր կաբինետների դռները բաց են նրա համար և որպես հավասար շփվում է աշխարհի հզորների հետ։ Եվ ահա այդ անդիպլոմ «դիպլոմատը» հենց ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման նախօրեին ցուցադրում է իր բարձր «պրոֆեսիոնալիզմը», տեսախցիկի առջև քամահրալից նետելով, մեղմ ասած՝ ժարգոնային արտահայտությունը. «ծնգլ արիք…»։

Նույնիսկ եթե, ինչպես հետին թվով արդարանում է Արաբատը, դա չի վերաբերել գերիներին, ստացվում է, որ «թիվ մեկ դիվանագետը» կարող է այդ կերպ խոսել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Կամ պարզապես՝ ՀՀ քաղաքացիների, որոնց վճարած հարկերով նա ստանում է շատ բարձր աշխատավարձ, ահռելի պարգևավճարներ, շրջում է աշխարհով մեկ, իջևանում շքեղ հյուրանոցներում և ընդհանրապես ապրում հաճույքներով լի կյանքով։

Եվ նույն այդ հարկատուները, տեսեք-տեսեք, համարձակվեցին իրեն՝ բացառապես էլիտար միջազգային շրջանակներում պտտվողին, տալ անմիջականորեն իր պատասխանատվության ոլորտում գտնվող ամենացավոտ, կարևոր և արդիական հարցերից մեկը…

Մինչդեռ, կրկնեմ, նիկոլական ԱԳՆ ղեկավարի պաշտոնում Արաբատի ողջ գործունեությունը հաստատում է նրա հենց այդպիսի՝ «ծնգլ» վերաբերմունքը հայ գերիների ու պատանդների նկատմամբ։ Բաքվում ապօրինի պահվող հայերին օգնելու համար հայ և միջազգային իրավապաշտպանների նշած նախաձեռնություներից ու հնարավորություններից և ոչ մեկը չարժանացավ Արաբատի գերատեսչության նույնիսկ ոչ թե աջակցությանը, այլ պարզապես արձագանքին։

ԱՅԴ ԳԵՐԱՏԵՍՉՈՒԹՅՈՒՆԸ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ՀՐԱԺԱՐՎԵՑ ԴԻՄԵԼ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ Բաքվի բանտերում պահվող հայերին հյուպատոսական ծառայություններ մատուցելու խնդրանքով։ Այդ մասին խոսել են ոչ միայն իրենք՝ իրավապաշտպանները. Մերժման փաստը հաստատել է հենց Շվեյցարիայի կառավարությունը։ Հայկական իշխանությունների դիմումի բացակայության մասին ժամանակին խոսել են նաև այլ երկրների իշխանություններ, որոնք կարող են և, հավանաբար, պատրաստ են աջակցել գերիների ազատ արձակմանը։

Արաբատի գերատեսչությունն այդպես էլ չդիմեց որևէ երկրի կամ միջազգային կազմակերպության՝ Բաքվում ընթացող դատական խեղկատակությանը իրենց ներկայացուցիչներին ուղարկելու խնդրանքով: Այդ գրասենյակը հրապարակավ չաջակցեց գերիների հարցով հայաստանյան և միջազգային իրավապաշտպանների, կազմակերպությունների ու հասարակության ներկայացուցիչների ոչ մի հայտարարությանը, ոչ մի դիմումին, ոչ մի անգամ հանդես չեկավ հայ գերիների, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների դեմ դատական այլանդակության և ապօրինի դատավճիռների քննադատությամբ:

Բացի հերթապահ հայտարարություններից, թե իբր՝ «զբաղվում ենք հարցով, բայց հարկ չենք համարում խոսել այդ մասին», հասարակությունը բարձակապես ոչինչ չի լսել ԱԳՆ-ից ու անձամբ Արաբատից։ Ոչինչ չի ասվել նաև ի պատասխան Բաքվի բանտերից մեր հայրենակիցների հղած ուղերձներին, որոնք իրենց մեջ ուժ են գտել և դրա համար օգտագործել չնչին իսկ հնարավորություն։ Դավիթ Իշխանյանի և Դավիթ Բաբայանի, ինչպեսև ավելի վաղ Ռուբեն Վարդանյանի ուղերձները հույզերի փոթորիկ բարձրացրեցին աշխարհում հարյուր հազարավոր մարդկանց մոտ, բայց ԱԳՆ-ը և անձամբ Արաբատը ծպտուն անգամ չհանեցին:

Մինչդեռ Իշխանյանն ու Բաբայանը նույնիսկ չէին խնդրում օժանդակել ազատ արձակվելու հարցում, նրանց խնդրանքները վերաբերում էին դատական փաստաթղթերին. դատավճիռների տեքստը և անհետացած վերաքննիչ բողոքները ընտանիքին տրամադրելուն։ Ընդամե՛նը։ Ավելի վաղ Վարդանյանը դիմել էր խնդրանքով, որ կազմակերպվի գերիների ընտանիքների անդամների այցը Բաքու և նրանց հետ հանդիպումը, ինչը զուտ հումանիտար հարց է, որին ևս ոչ մի արձագանք չեղավ:

ԱԳՆԻ ԵՎ ԱՐԱԲԱՏԻ ՄԵՌՅԱԼ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ԲԱՑԱՏՐԵԼ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ գերիների ճակատագրի նկատմամբ որևէ հետաքրքրության բացակայությամբ և նրանց վերաբերող հարցերով զբաղվելու դժկամությամբ: «Ծնգլ» ոճի արձագանքն այդ տեսանկյունից միանգամայն բնական է, տրամաբանական և գլխովին մատնում է նաև այս հարցում դավաճանների ոհմակի լիակատար համերաշխությունը Բաքվի ռեժիմի հետ։ Չի բացառվում՝ նաև գործուն մասնակցությունը Արցախի քաղաքական գործիչների և զինվորականների գերեվարմանը, նրանց ազատ արձակման հետագա խոչընդոտումով։

Թե ինչը ձգան դարձավ նման արձագանքի համար՝ նույնպես միանգամայն հասկանալի է. Բաքվի զնդանից Ռուբեն Վարդանյանի բառացիորեն նախօրեին հրապարակված հայտարարությունը։ Մոտ 3 տարի ադրբեջանական գերության դժոխքի միջով անցնող մարդը հանդես է գալիս որպես մեղադրող, հայտարարելով հայ ժողովրդի և հայոց պետության դեմ ՀՀ դեռևս գործող իշխանությունների հանցավոր արարքների մասին և կոչ է անում, քանի դեռ ուշ չէ, փրկել Հայրենիքը:

Դա «ներել» ու լռել ՔՊ թուրքական հանցախումբն այլևս չէր կարող. գործին միացավ Արաբատը՝ իր առավել քան խոսուն «ծնգլ»-ով։ Ինչը ներդաշնակորեն ներգրվեց ավելի վաղ նրա հանցակիցների նույնքան միտումնավոր հնչեցրած այն հակահայկական հայտարարությունների շարքում, թե «գերիները իմ համար արդեն չկան», «ինչի՞ փախաք, իսկ մեր տղաները ձեր փոխարեն զոհվեցին», «ինչո՞ւ մեռած չեք», «երկար չեք ապրելու Հայաստանում» և այլն: Վերջինը, հիշեցնեմ, 9 երեխաների մայր արցախցի փախստական կնոջ երեսին նետեց Թալինի ղեկավար և Նիկոլի հավատարիմ շուն Տավրոս Սափեյանը:

Հետաքրքիր է, հայատյացների ռեժիմին աջակցելու համար «Զվարթնոց» օդանավակայան մեկ ժամով ծիկրակած Ռուբիոն գիտի՞, թե ինչ բան է «ծնգլ» վերաբերմունքը սեփական ժողովրդի նկատմամբ։