«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկությունների աշխատակիցներից մի քանիսը, որոնք այս պահին հարկադիր արձակուրդում են գտնվում, մտան կառավարության շենք` գործադիր մարմնի ներկայացուցչի հետ հանդիպելու։ Նրանք պահանջում են վերաբացել գործարանները, խանութները և այլ կառույցներ, որպեսզի կարողանան վերադառնալ աշխատանքի։
Նրանք լրագրողներին ասացին, որ կառավարության ներկայացուցիչները համաձայնել են 15 րոպեով ընդունել:
«Մեզ ասել են, որ ընդունելու են 15 րոպեով, որպեսզի լսեն մեր մտահոգությունը։ Ես չեմ հավատում, որ այս հանդիպումը որևէ բան կփոխի։ Չեմ հավատում, որ ընդհանրապես ինչ-որ բան կփոխվի։ Մենք Արցախը հանձնել ենք, ոչինչ չի փոխվել։ Կաթողիկոսի ու եկեղեցու դեմ արշավներ են եղել, ոչինչ չի փոխվել», – լրագրողներին ասաց «Եուրոմոթորս» փակ բաժնետիրական ընկերություն տնօրեն Աբրահամ Տանակէօզեանը։
«Մուլտի Գրանդ Ռեսորթ»–ի աշխատակիցներից մեկն էլ վստահեցրեց, որ ակցիաները շարունակական են լինելու, քանի որ իրենք առանց աշխատանքի մնալ չեն կարող։
«Մենք գնում էինք ընտրությունների, որ բոլորիս կյանքը լավանա, ոչ թե որ մի քանի օր հետո բոլորս էս վիճակում հայտնվենք։ Անիմաստ գրում են` լափամանդ պակասել ա, բայց ինձ հիմա ոչ մեկը փող չի տալիս։ Ես եկել եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ իրավունքներն են պաշտպանում, ես իմ ղեկավարին էնքան շատ եմ սիրում, էդ մարդը էնքան բան է արել թե՛ երկրի համար, թե՛ իր աշխատողների համար, թե՛ բոլորի համար, որ ես բարոյական իրավունք չունեմ, էսօր չսատարեմ պարոն Ծառուկյանին»,– ասաց Արմինե Դավթյանը։
Ակցիային մասնակցում են նաև «Օլիմպավանի» աշխատակիցները։ MMA մարտարվեստի մարզիչ Էրիկ Օհանյանը նշեց, որ երեխաներն արդեն տևական ժամանակ չեն կարողանում մարզվել, ինչի պատճառով էլ մի քանի մրցումներ են բաց թողել։
«Չեմ ուզում տեղս փոխել, 107 սանի հետ եմ աշխատում, մենք ընդամենը ուզում ենք գնալ աշխատանքի, թողնեն, որ պարապենք։ Էն երեխեքն էլ աշխարհի մրցումների են շուտով, չենք կարողանում մարզվելու գնալ։ Այսինքն՝ ստացվում է, որ առանց այլընտրանք առաջարկելու մեզ էս վիճակին են թողել։ Պատասխան էլ չկա՝ մենք աշխատավարձ ստանալու ենք, թե չէ»,– հավելեց մարզիչը լրագրողների հետ զրույցում։
Sputnik Արմենիա
