Логотип

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի պղծման դեպքով հաղորդում է ներկայացվել ՔԿ-ին

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում տեղի ունեցած վանդալիզմի դեպքի վերաբերյալ ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և առերևույթ հանցագործությունը կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ»,–նշեց Սարգսյանը։

Նա տեղեկացրեց, որ ցանկացած վարկած ստուգվում է։ Չեն բացառում նաև հնարավոր սադրանքի դրսևորումները։

Ավելի վաղ անհայտ անձինք Գյումրիում «Մայր Հայաստան» հուշարձանից պոկել էին հերոս քաղաքների անունների ոսկեզօծ տառերը: Քաղաքի կոմունալ ծառայությունների աշխատակիցները դրանք հայտնաբերվել էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանի տարածքում գտնվող աղբամաններում։ Այժմ քաղաքապետարանի մասնագետները փորձում են վերականգնել հաղթանակ տարած քաղաքներին նվիրված հուշատախտակները: