Логотип

ԵՎՐԱՊԱՏԳԱՄԱՎՈՐ․ ՀԱՐՑՆ ԱՅՆ Է, ԹԵ ԻՆՉՈՒ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ՄՏԱՀՈԳՎՈՒՄ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Միջազգային դատարանների որոշումները, իրավասու հանձնաժողովների եզրակացությունները և հեղինակավոր միջազգային կազմակերպությունների զեկույցները մեկ ընդհանուր եզրահանգում ունեն Իլհամ Ալիևի կողմից Արցախի ղեկավարների դեմ իրականացվող այսպես կոչված դատավարությունների վերաբերյալ․ դրանք չեն համապատասխանում անաչառության և արդարության այն սկզբունքներին, որոնք ակնկալվում են ժողովրդավարական հասարակությունում։ Այս մասին Alpha News-ին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Կիպրոսը ներկայացնող Կոստաս Մավրիդեսը։

«Մենք այլ վերաբերմունք չէինք էլ ակնկալում ադրբեջանական ռեժիմից, սակայն առնվազն հույս ունեինք, որ Եվրոպական միությունը կներգրավվի և հստակ կհասկացնի՝ հաշվի առնելով ԵՄ–Ադրբեջան հարաբերությունները, որ այդ դատավարությունների ընթացքում պետք է պահպանվեն գոնե հարգանքի և արդարության նվազագույն նորմերը»,- ասել է նա։

Գնահատելով Հայաստանի կառավարության ջանքերը հայ գերիների ազատ արձակման հարցում և անդրադառնալով այն հանգամանքին, թե արդյոք այս թեման քննարկվել է Փաշինյանի՝ ապրիլին Եվրախորհրդարան կատարած այցի ընթացքում, Մավրիդեսը նշել է, որ վարչապետն ինքը պետք է առաջատար դերակատար լինի Բաքվում ընթացող անարդար դատավարությունների և քաղաքական բանտարկյալների հարցում։

«Ես առնվազն ակնկալում եմ Հայաստանի կառավարության, մասնավորապես հենց վարչապետի ներգրավվածությունը, որը պետք է առաջատար դերակատար լինի Բաքվում պահվող Արցախի ղեկավարության՝ քաղաքական բանտարկյալների և անարդար դատավարությունների հարցում։ Եվ իսկապես լուրջ հարց է մնում, թե ինչու վարչապետը պատշաճ մտահոգություն չի ցուցաբերում հայ ժողովրդի ճակատագրի նկատմամբ»,- ընդգծել է եվրապատգամավորը։

Alpha News