Логотип

ԵՐԲ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՀԵՏ ԿՍՏԱՆԱՆ ԻՐԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին արցախցիների նկատմամբ ակտիվորեն տարածվող ատելությունը Արցախի Հանրապետության նախկին օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը կապակցեց Նիկոլ Փաշինյանի ձգտման հետ՝ «մեղավորներ նշանակելու Արցախի կորստի համար, իր վրայից գցելով այդ մեղքը»։ Ստեփանյանի խոսքերով, տվյալ արշավն ուղղված է արցախցիների դեմ տրամադրված քաղաքացիների կոնկրետ հատվածին։ «Նախընտրական շրջանում Փաշինյանն այդպիսի հռետորաբանությամբ բևեռացնում է հասարակությունն իր սեփական նպատակներով»,- հավելեց Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

ՀԱՐԿ Է ՆՇԵԼ, ՈՐ ԿՈՐՑՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ՝ ԳՈՅԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՐԱԾ ԵՎ ՄԱՀԻՑ ՀՐԱՇՔՈՎ ՓՐԿՎԱԾ ՄԱՐԴԻԿ շնորհակալություն էին հայտնում Աստծուն, որ իրենց պատուհասած ողջ դժբախտությամբ հանդերձ, այնուամենայնիվ հայտնվել են հայոց հողի վրա՝ իրենց հայրենակիցների, քույրերի և եղբայրների միջավայրում: Բնականաբար, նրանք չէին սպասում, որ հայ հասարակության մի մասը (թեկուզև փոքրաթիվ, բայց ագրեսիվ) կվերաբերվի իրենց որպես օտարների, կվերածի տարբեր տեսակի շահարկումների առարկայի, հետևողականորեն կճնշի ու կհալածի, գործնականում կվռնդի նաև Մայր Հայաստանից։

Հիմա չենք թվարկի հասարակական-քաղաքական, սոցիալական, իրավական, հոգեբանական և այլ կարգի մանիպուլյացիաները արցախցիների նկատմամբ։ Դրանց մասին գրվել է բազմիցս, և բոլորին լավ հայտնի են։ Նշենք միայն, որ հայրենակիցների նկատմամբ նման վերաբերմունքը ոչ միայն ոչնչացնում է մարդկայնության և արդարության հանդեպ բուն արցախցիների հավատի մնացորդները, այլև փլուզում ժամանակակից հայ հասարակության բարոյական հիմքերը, մեր ինքնության հենքը։ Արցախից տեղահանվածների նկատմամբ այսօր ցուցաբերվող բացահայտ ատելությունը վկայում է այն մասին, որ հայ հասարակությունն ընդհուպ մոտեցել է վերջնական պառակտման եզրին, և եթե չհաջողվի կասեցնել ընթացիկ ավերիչ գործընթացը, ապա վտանգի տակ կհայտնվի ընդհանրապես հայ ազգի ապագան:

Իհարկե, ինքնին ծայրաստիճան անբարո են կշտամբանքները փաստացի դավաճանված, լքված հայրենակիցների հասցեին, որոնք աներեր դիմացել են բազմամսյա անմարդկային շրջափակմանը, սակայն մահվան անմիջական սպառնալիքի առջև հարկադրված լքել են իրենց տները, և պարզապես անհավատալի է թվում, որ ցինիկ մեղադրանքները հնչում են հայի շուրթերից: Առավել ևս՝ իշխանության ներկայացուցչի բերանից, որն ապաշխարելու և իր ճակատագրական սխալներն ընդունելու փոխարեն շահարկում է համազգային ողբերգությունը սեփական կաշին փրկելու և սեփական շահի համար, գործնականում պառակտելով հասարակությանը և օժանդակելով թշնամու ագրեսիվ ծրագրերին։ Բայց ամենից ցավալին այն է, որ բազմաթիվ շարքային քաղաքացիներ, չփորձելով մտամուխ լինել կատարվող ամենի էության մեջ, տեղնուտեղը յուրացնում և մեխանիկորեն կրկնում, տիրաժավորում են իրենց մատուցվող վնասակար և չափազանց վտանգավոր սուտը։

«Վերածնվող Արցախ» կուսակցության նախագահ Անաստաս Իսրայելյանը, համոզված, որ «իշխանություններն ամեն ինչ անում են Արցախի հարցը փակելու, իրենց դավաճանությունը, իրենց հանցավոր գործողություններն ու որոշումները արդարացնելու համար», կոչ է անում «ոչ մի դեպքում չտրվել դրան և առավելևս չօժանդակել պարտվողական իշխանություններին»:

ՈՒՐԱԽԱԼԻ Է, ՈՐ ՉԴԱԴԱՐՈՂ ԶՐՊԱՐՏԱՆՔԻ ԵՎ ՃՆՇՄԱՆ ԽՈՐԱՊԱՏԿԵՐԻՆ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՆՁՆՎՈՒՄ և մտադիր չեն լռել, քանզի գիտակցում են, որ ճշմարտությունը, օրենքն ու իրավունքն իրենց կողմն են, և իրենց ճակատագիրը չպետք է կախված լինի որևէ մեկի քմահաճույքներից ու բանսարկություններից: Բայց նրանք հասարակական լայն աջակցության կարիքն ունեն. հայ հասարակության համար կարևոր է հասկանալ, որ Արցախից տեղահանվածները դասալիքներ ու հանցագործներ չեն, ինչպես փորձում են ներկայացնել նրանք, ովքեր իրենք են իրականում այդպիսին: Ընդհակառակը, պաշտպանելով իրենց անձնական արժանապատվությունն ու հիմնարար իրավունքները՝ արցախցիները միաժամանակ պաշտպանում են ողջ հայ ժողովրդի իրավունքներն ու համազգային արժանապատվությունը:

Ի տարբերություն Փաշինյանի ու իր թիմի, որոնք համարում են, թե Արցախի լոկ հիշատակումն անգամ գոյաբանական սպառնալիք է Հայաստանի համար, Արցախի ժողովուրդը չի ճանաչում և կտրականապես չի ընդունում ներկայիս ստատուս քվոն։ Արցախցիները համոզված են, որ ժամանակավորապես զրկվելով հայրենիքից՝ չպետք է կորցնեն իրենց ինքնությունը, որ Հայաստանն իրենց մեծ հայրենիքն է, իրենք չեն լքի այն, չեն մեկնի ուծանալու օտար ափերում, այլ կապրեն այստեղ, պահպանելով իրենց միասնականությունն ու ամբողջականությունը այնքան ժամանակ, մինչև իրական հնարավորություն կստեղծվի արժանապատիվ հավաքական կերպով վերադառնալ Արցախ:

Բայց արցախցին հետ կստանա իր Հայրենիքը, երբ կվերականգնվի ուժեղ Հայաստանը, որը կրկին կդառնա տարածաշրջանի կարևոր սուբյեկտ և դերակատար արտաքին ասպարեզում: Իսկ դրա համար երկրում իշխանության պիտի գան հայրենասեր մտածողությամբ մարդիկ, որոնք չեն հալածի արցախցիներին իսկական հայ մնալու ցանկության համար, այլ պատրաստ կլինեն ամեն կերպ սատարել և Արցախի գաղափարի շուրջ համախմբել հայկական բոլոր հասարակական կազմակերպություններին ու քաղաքական ուժերին, ողջ հայ ժողովրդին, կրկին կդարձնեն Արցախի հարցը համահայկական օրակարգ:

Արցախցիները հույս են փայփայում, որ վաղը անպայման իշխանության կգան ողջախոհ, ազգային շահերով առաջնորդվող մարդիկ, և պատրաստ են իրենց ուժերի ներածի չափով սատարել նրանց: