Логотип

ԾԱՌԱՅԵԼՈՎ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ. «ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ»-Ն 35 ՏԱՐԵԿԱՆ Է

…Եվ թող այս վերնագիրը չափազանց վերամբարձ ու անբավարար համեստ չթվա։ Մենք լիովին իրավունք ունենք դա ասելու, քանզի մեր թերթը Հայաստանի Երրորդ Հանրապետությանը հասակակից հատուկենտ պարբերականներից մեկն է երկրում։ Հայկական ռուսալեզու ժուռնալիստիկայի լավագույն ավանդույթների ժառանգորդը դարձած «Գոլոս»-ի պատմությունը սկսվել է 1991թ. մայիսի 28-ին և իր մեջ արտացոլել Հայաստանի Հանրապետության ծննդյան, պայքարի, կայացման ու զարգացման անխտիր բոլոր փուլերը, դառնալով այդ 35 տարիների վառ, օբյեկտիվ և բազմակողմանի տարեգրությունը:

ՍԿՍԵԼՈՎ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԴԱԳՈՒՅՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ՝ «ԳԱ»-ն իր համար սահմանեց ինչպես մասնագիտական, այնպես էլ բարոյական բնույթի մի շարք կարևորագույն սկզբունքների պահպանման բարձր նշաձող: Դրանցից գլխավորը դարձավ պետականամետ, ազգամետ մոտեցումը ցանկացած թեմայի և ցանկացած ոլորտի նկատմամբ, լինի դա քաղաքականություն, մշակույթ, տնտեսություն, թե իրավունք։ Հայոց պետության շահերը վեր են ամենից. սա է «Գոլոս»-ի լրագրողների հավատամքը, որին մենք բոլորս ջանում ենք հետևել օրըստօրե, և այդպես արդեն 35 տարի:

Խոստովանենք, հեշտ չի եղել, հաճախ՝ շատ դժվար, երբեմն՝ անտանելի։ Աշխատանքի տարրական պայմանների բացակայություն, արհեստականորեն ստեղծվող խոչընդոտներ, դատական հայցեր, քաղաքական հետապնդումներ և նույնիսկ ֆիզիկական բռնություն աշխատակիցների նկատմամբ. այս ամենի միջով անցել է «ԳԱ»-ի խմբագրությունը։ Բայց ամեն ինչից վեր էր սիրելի երկրի և սիրելի մասնագիտության նկատմամբ սեփական պարտքի գիտակցումը, որը ստիպում էր անցնել փորձությունների միջով և շարժվել առաջ։

Պատմություն և ավանդույթներ ունեցող ցանկացած թերթ կենդանի, զարգացող և տարիների ընթացքում փոփոխվող օրգանիզմ է, որի բաղադրիչներն ու դեմքը նրա հեղինակներն են: Անցած տարիների ընթացքում «ԳԱ»-ն կարողացել է ձևավորել և հիմնականում պահպանել իր լրագրողական թիմի կորիզը՝ նրա հետ անցնելով 35-ամյա այս երկար, ուշագրավ, երբեմն շատ ցավոտ, բայց միշտ աներևակայելի հետաքրքիր ճանապարհը: Իր գործին, իր մասնագիտությանը, իր Հայրենիքին նվիրված թիմ, «Գոլոս Արմենիի» կոչվելու բարձր իրավունքը վաստակած թիմ։

Եվ հպարտությամբ կարող ենք ասել, որ այս բոլոր տարիներին մեր կողքին են եղել մեր ընթերցողները՝ վաղեմի և նվիրված, բայցև նրանք, ովքեր համամիտ չեն եղել մեր դիրքորոշումներին շատ հարցերի շուրջ, ընդդիմախոսել ու մշտապես քննադատել են «ԳԱ»-ին: Հավատարիմ մնալով գլխավորի շուրջ իր համոզմունքներին ու մոտեցումներին՝ թերթը միշտ աչքի է ընկել և բաց եղել ինչպես լրագրողների, այնպես էլ իր զրուցակիցների տեսակետների բազմազանության համար: Ի սկզբանե սահմանված մասնագիտական և էթիկական արժեքներին անխախտ հավատարմությունը մենք մշտապես ձգտել ենք համադրել ի նպաստ պետության և ժողովրդի գործող որակյալ և բարոյական լրագրության չափորոշիչների հետ:

Թե ինչպես է դա մեզ մոտ ստացվել ու ստացվում՝ թող դատեն ընթերցողները։ Բայց եթե պարբերականն այսչափ բարդ ճանապարհ է անցել և պահպանել իր ուրույն տեղն ու մյուսներից տարբերվող ձայնը հայկական և տարածաշրջանային մերօրյա լրատվամիջոցների չափազանց խայտաբղետ ներկապնակում, նշանակում է՝ շատ բան է հաջողվել:

Ինչպես անկախ Հայաստանի պատմության մեջ, այնպես էլ «Գոլոս»-ի համար վերջին 8 տարիները շատ ծանր էին։ Նորից չփորփրենք այն աղետալի իրադարձությունների չսպիացող վերքերը, որոնց միջով անցան մեր պետությունն ու ժողովուրդը, և որոնց գրեթե ամեն օր ավելանում են նորերը։ Ասենք միայն, որ Արցախի պատմական ողբերգության ամենածանր օրերին անգամ թերթը փորձում էր պահպանել և ընթերցողին հասցնել այն հույսը, որ ի հեճուկս ամենի՝ մեր Հայրենիքին կհաջողվի կրկին ոտքի կանգնել, շտկել մեջքն ու շարժվել առաջ, նույնիսկ աներևակայելի կորուստների ծանր բեռն ուսերին։

Այսօր Հայաստանը կանգնած է ճակատագրական ընտրության առջև. կլինի, թե՞ չի լինի հայոց ազգային պետությունը։ Երկրի հետ անցնելով 35 տարի՝ «ԳԱ»-ն հավատում է, որ հայ ազգի բազմադարյա երթը շարունակվելու է արժանապատվորեն և անցած ու դեռ անցնելիք ճանապարհի համար հպարիությամբ: Մենք իսկապես հավատում ենք միացյալ Հայաստանի նոր վերածնունդին, որի սկիզբը պետք է դրվի 2026 թվականի հունիսի 7-ին:

Աստված՝ մեր հոգում, Հայրենիքը՝ սրտում:

«Գոլոս Արմենիի»-ի խմբագրակազմ