Логотип

ԿՐԵՄԼԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԵՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԵԱՏՄ-ՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԸ

Կրեմլը հրապարակել է Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի առաջնորդների համատեղ հայտարարության տեքստը Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Մենք՝ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահներս,

հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության գործողությունները՝ ուղղված Եվրոպական միությանն անդամակցելուն, դրանց թվում՝ 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հավանության արժանացած և Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ինչպես նաև Եվրոպական միության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան – Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում, նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար զգալի ռիսկերը, որոնք առաջանում են Եվրոպական միությանն անդամակցելու Հայաստանի Հանրապետության նախապատրաստության կապակցությամբ, ինչպես նաև Միության անդամ պետություններին դրանով պայմանավորված վնասի կանխման անհրաժեշտությունը.

Որոշում ենք ընդունել այն մասին, որ Եվրասիական միջկառավարական խորհրդում Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության անդամները 2026 թվականի դեկտեմբերին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կզեկուցեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին:

Կիսում ենք այն դիրքորոշումը, որ Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս սեղմ ժամկետներում անհրաժեշտ է անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում հետագա մնալու վերաբերյալ»,- ասված է համատեղ հայտարարության մեջ։

News.am