Логотип

ՀՀ-ՈՒՄ ՑԱՆԿԱՑԱԾ ԱՅԼԱԽՈՀ ԹՇՆԱՄԻ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ․ ՆՈՐ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ Է ՍՏԵՂԾՎԵԼ

ՀՀ-ում ձևավորվել է նոր հանձնախումբ, որի նպատակն է զբաղվել քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով։ Հանձնախումբը միավորում է քաղաքագետների, իրավապաշտպանների, դիվանագետների և հանրային տարբեր գործիչների, որոնք մտահոգված են երկրում ստեղծված իրավիճակով։

«Ցանկացած այլախոհ ՀՀ-ում այս իշխանության կողմից ճանաչվում է որպես թշնամի, ոչ թե որպես ընդդիմություն։ Հիմա մենք պարտավոր ենք ինչ-որ ձև միավորվել և վերջ տալ այս վիճակին»,- բացման խոսքում նշեց հանձնախմբի անդամ, ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն ընդգծեց` մենք հիմա ապրում ենք մի երկրում, որտեղ Սահմանադրությունն ու սահմանադրական իրավունքներն այլևս չեն գործում։ Հիմա երկրի վարչապետն է որոշում՝ ով լինի կաթողիկոս, ով տեղ ունենա խորհրդարանում, ով ընտրելու իրավունք ունենա և այսպես շարունակ։

«Վարչապետը հայտարարում է, որ տարբեր մարդիկ պետք է ունեզրկվեն, և նրանց ունեցվածքը համարում է անօրինական։ Այսինքն՝ Հայաստանում չի գործում սեփականության անձեռնմխելիության իրավունքը։ Գործող վարչապետը հրապարակայնորեն հայտարարում է, որ այս կամ այն մարդը դավաճան է։ Մի կողմ դնենք այն հանգամանքը, որ նույնիսկ այդ քրեական գործում դավաճանության որևէ հոդված չկա, բայց, այնուամենայնիվ, իրավապահ համակարգը գնում է այդ մարդու հետևից»,- նշում է քաղաքագետ։

Շեշտում է՝ սա նշանակում է, որ Հայաստանում այլևս սահմանադրական կարգ չի գործում։

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր խոսքում անդրադարձավ քաղհասարակության կառույցներին, որոնց մեծ մասը, դիվանագետի դիտարկմամբ, այսօր անգործություն են ցուցաբերում ու դրանով կանաչ լույս վառում այս իշխանությունների առաջ` ոչ միայն շարունակելու բռնաճնշումների, հետապնդումների քաղաքականությունը, այլև ավելի կոպիտ ու օրինախախտ ձևերով դա իրականացնելու։

«Ինչ վերաբերում է միջազգային կառույցների լռությանը, թեպետ միջազգային իրավունքը, թվում է, կոմայի մեջ է, բայց Հայաստանի Հանրապետությունը՝ որպես պետություն, մի շարք հանձնառություններ է ստանձնել, և միջազգային կառույցների ճիշտ օգտագործումն օգնելու է ոչ միայն զսպելու այս իշխանությունների ախորժակն այս հասարակությունը դարձնելու ենթակա և ստրուկ մտածելակերպով ամորֆ զանգված, այլև օգնելու է ինչ-որ մի տեղ կանխարգելիչ դերակատարում ունենալ թե՛ երկրի ներսում, թե՛ հարևան Ադրբեջանում, որտեղ մինչ օրս հայ գերիներ են պահվում»,–ասաց Աղաջանյանը։

Միջազգային կառույցների լռությանն անդրադարձավ նաև քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։ Նրա խոսքով՝ եթե նախկինում արևմտյան կառույցներից կար դժգոհություն, թե բավական չէին զսպում իշխանություններին, ապա հիմա ոչ միայն չեն զսպում, այլև իրենք են աջակցում և խրախուսում բռնաճնշումները։

«Ինչու՞։ Քանի որ կա մեծ կոնֆլիկտ Ռուսաստանի հետ, և կա աշխարհաքաղաքական ավելի կարևոր խնդիր՝ Հայաստանը դարձնել մանրադրամ այս խաղում, ուստի իրենք ձևակերպել են «հիբրիդային պատերազմի» մի փուչիկ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանին տվել են քարտ բլանշ՝ քաղաքական ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներ գործադրել և ձերբակալել «հիբրիդային պատերազմի գործիք» լինելու պատրվակով»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ հանձնաժողովի նպատակներից է լինելու պատռել դիմակները բոլոր այն միջազգային կառույցների, որոնք տարիներ շարունակ քարոզում էին, թե պաշտպանում են մարդու իրավունքները։ Վստահ է, որ միջազգային կառույցների իրական դեմքը բացահայտելով` կկարողանան նաև զսպել ՀՀ իշխանություններին։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանն իր հերթին ընդգծեց, որ այս իշխանությունները ոչ միայն քաղաքական հետապնդման են ենթարկում անձանց, այլև պատրաստ են իրենց նպատակներն իրագործելու համար օրվա հացից կտրել սովորական քաղաքացիներին։

«Մենք տեսանք, որ Ծառուկյանի (գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի–խմբ.) կալանավորումը զուգորդվեց բազմաթիվ ձեռնարկությունների կապարակնքմամբ և այդ ձեռնարկությունների աշխատանքի սահմանափակմամբ։ Այսինքն՝ այս իշխանությունը պատրաստ է խախտել ցանկացած իրավունք՝ սկսած մարդու կյանքի, ազատության իրավունքներից մինչև աշխատանքի իրավունք»,- նշեց ԱԺ նախկին պատգամավորը։

Նրա խոսքով՝ այսօր նույնիսկ հստակ ցանկ չկա, թե քանի անձ է ՀՀ-ում քաղաքական դրդապատճառներով հետապնդվում։ Նորաստեղծ հանձնաժողովի նպատակն է լինելու զբաղվել բոլոր այն մարդկանց իրավունքների պաշտպանությամբ, որոնք քաղաքական հետապնդման ու բռնաճնշումների են ենթարկվում, պատանդ են վերցվել Բաքվի և հենց մեր երկրի բանտերում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում հրապարակային ելույթներում կոշտ գնահատականներ է հնչեցրել ընդդիմության հասցեին՝ նրանցից մի քանիսին բնորոշելով որպես «եռագլուխ պատերազմի կուսակցություններ»։ Այդ քաղաքական գնահատականներին հետևել են իրավական ռեպրեսիաներն ու բանտարկությունները։

Sputnik Արմենիա