Այսօր ծառայության պայմաններն այնքան ծանր են, որ զինծառայողները հոգնում են և դիրքում քնում։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Բանակում զինծառայողների միջև հաճախ վիճաբանություններ են լինում հենց քնելու հարցի շուրջ։ Ըստ տեղեկությունների՝ դիրքում քնելու համար, այսպես ասած, «հայհոյանք է դրված»։
«Էդ հոգնածության դեմ 2014-2016թթ․ որոշումներ ընդունվեցին հետևյալ կերպ․ անձնակազմի համապատասխան քանակություն պետք է ապահովվեր դիրքերում։ Շատ ծանր է 2 շաբաթ անընդհատ հերթապահություն տանել էս գրաֆիկով՝ 2 ժամ դիրքում պահակություն, 2 ժամ արթուն հերթափոխ և 2 ժամ քնել։ Զորամասի տարածքում հասարակ պահակային ծառայության համար մեր կանոնադրությամբ արգելվում է օրումեջ գնալ պահակային ծառայության, որովհետև 2-2-2 ժամ ցիկլով բավականին հոգնածության մեջ են լինում զինծառայողները։ Հիմա էդ նույն ցիկլով զինվորները հերթապահություն են տանում 2 շաբաթ»,- նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ այդ նպատակով որոշվել էր 4 հերթափոխ ունենալ, որ յուրաքանչյուր զինծառայող 1 օրվա ընթացքում կարողանար առնվազն 8 ժամ հանգստանալ։
Հավելեց՝ մանրակրկիտ բացատրում է, որ ՊՆ ղեկավարությունը հետևություններ անի, քանի որ ամոթ է, որ իշխանությունների հայտարարած խաղաղության պայմաններում ունենում ենք նման ցավալի դեպքեր։
Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։
ԳՇ պետին անընդհատ տեսնում ենք սերժանտի պես նախարարին զեկուցելիս
Բանակում անձնակազմի քանակության և արատավոր երևույթների դեմ պայքարի պատասխանատվությունը սկսվում է վերևից՝ պաշտպանության նախարարից և գլխավոր շտաբի պետից։ Այսօր Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում , -ասաց Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքերին, թե «բանակում մահերի համար պաշտպանության նախարարին մեղադրելը նորություն է ՀՀ-ում»։
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հիշեցնում է, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետը եթե նախկինում զորային կառույցի հրամանատարն էր, ՔՊ-ի օրոք դարձել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
«Այսինքն՝ ինքը ենթարկվում է նախարարին, նախարարն է այսօր զինված ուժերի հրամանատարը։ Պատասխանատվության աստիճանն ու զգացումն այլ պետք է լինի։ Ես չեմ ասում՝ իմ ժամանակ ամեն ինչ իդեալական է եղել, թերություններ չեն եղել, բայց իմ ժամանակ չէիք կարող տեսնել, որ ես գլխավոր շտաբի պետին հանձնարարեմ, որ գնա, ինչ-որ շինության համար սպասի, նախարարը գա, ինքը զեկուցի։ Այսօր մենք գլխավոր շտաբի պետին անընդհատ տեսնում ենք ինչ-որ տեղ սերժանտի պես նախարարին զեկուցելիս»,- նշեց պաշտպանական գերատեսչության նախկին ղեկավարը։
Նրա խոսքով՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պարտականությունները ռազմավարական անվտանգության առումով լրիվ այլ են․ նա պետության բոլոր ուժային կառույցներից ամենաբարձր զինվորական պաշտոնյան է, ու դրանից ելնելով պետք է նաև նրա նկատմամբ վերաբերմունքն ու պատասխանատվությունը բարձր լինեն։
Ինչ վերաբերում է ռազմական ոստիկանության պետի փոփոխությանը, Օհանյանը նշեց՝ թեպետ նախկին պետի աշխատանքին ինքն անձամբ լավ չի վերաբերվել, սակայն նա առաջնային մանդատ կամ պատասխանատվություն չունի զինված ուժերի անձնակազմի հետ աշխատելու։
Հիշեցնենք , որ ՀՀ զինված ուժերում 2026 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 13 դեպք, որից 5-ը՝ ժամկետային զինծառայողների շրջանում։ Հաճախ բանակում գրանցված սպանության կամ ինքնասպանության դեպքից հետո լուրեր էին տարածվում, որ խնդիրը զինվորների մեջ ծագել է նրանցի մեկի` դիրքերում քնելու պատճառով։
