ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Համիդ Ղանբարիին։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
Նախարար Խուդաթյանն անդրադարձել է Իրան կատարած իր այցին՝ ընդգծելով, որ ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան առաջիկայում էլ ավելի խորացնել երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի փոխգործակցությունը։
Հանդիպման ժամանակ քննարկվել են տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր, այդ թվում՝ էներգետիկ, տրանսպորտային և ճանապարհաշինության։
«Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանում շինարարական աշխատանքներում իրանական ընկերությունների ներգրավվածության ծավալը երբեք այսքան մեծ չի եղել, ինչը միայն ողջունելի է»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Անդրադարձ է արվել նաև Հայաստան-Իրան 400 կՎ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության ընթացքին։ Զրուցակիցներն ընդգծել են ծրագրի ռազմավարական նշանակությունը։
Հուլիսի 25–ին հայտնել էինք, որ Իրանը Հայաստանին առաջարկել է գազի մատակարարումների ընդլայնման նախագիծ ՀՀ կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և Իսլամական Հանրապետության նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադի հանդիպման ժամանակ։
Նշենք, որ Իրանից Հայաստան տարեկան մատակարարվում է ավելի քան 400 միլիոն խորանարդ մետր գազ (2025 թվականին՝ 477 միլիոն)՝ հայկական ջերմային էլեկտրակայանների մի մասի աշխատանքի համար։ Հայաստանի մյուս սպառողների համար գազը ներկրվում է Ռուսաստանից՝ տարեկան ավելի քան 2,2 միլիարդ խորանարդ մետր ծավալով (2025 թվականին՝ 2 միլիարդ 230 միլիոն)։
Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր, որ Հայաստանը չի դիտարկում իրանական գազը որպես ռուսականին այլընտրանք։
Sputnik Արմենիա
