Логотип

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության աջակից Ալեքսան Ալեքսանյանը

Ձերբակալվել է «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանը։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ «Ուժեղ Հայաստանի» աջակից Ա․Ա․-ն (Ալեքսան Ալեքսանյան. խմբ․) ձերբակալվել է հավաքին մասնակցելու համար մարդկանց նյութապես շահագրգռելու և փողերի լվացման մեղադրանքներով։

ՔԿ–ն պնդում է, որ նա «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2026 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում «Մեր ձևով» ՀԿ-ի բանկային հաշիվներին Ս.Կ.-ի հետ փոխկապակցված «Տաշիր» բարեգործական հիմնադրամից, «Ինտեգո Էներգո» և «Տաշիր Կապիտալ» ՓԲ ընկերություններից որպես «Նվիրատվություն», «Փոխառության տրամադրում» փոխանցվել է հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված շուրջ 1.6 մլրդ դրամ, 230 հազար եվրո և 75 հազար ԱՄՆ դոլար»,- հայտնում է ՔԿ-ն։

Ըստ նախաքննական մարմնի՝ Ա. Ա.–ն առանձնապես խոշոր չափերի գումարն օրինական գործունեության պատրվակով լեգիտիմացնելու նպատակով՝ աշխատանքի ընդունված քաղաքացիներին մեկ կամ ավելի ամիս որպես աշխատավարձ գումարներ է վճարել՝ նյութապես շահագրգռելով մասնակցել կազմակերպած ցույցերին և հավաքներին:

«Աշխատանքի ընդունված քաղաքացիների գերակշիռ մասն աշխատանքի չի հաճախել կամ ամսվա կտրվածքով կազմակերպությունների գրասենյակ է այցելել մեկ կամ մի քանի անգամ։ Հետագայում Ա. Ա.–ն այդ աշխատակիցներին ազատել է աշխատանքից։ Ա.Ա.-ն հանցավոր գործունեության արդյունքում ձեռք բերված՝ հասարակական կազմակերպության հաշիվներին փոխանցված գումարներից որպես աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ հատկացրել է 703 մլն 835 հզր 953 ՀՀ դրամ, իսկ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքի վարձատրություն՝ 59 մլն 428 հզր 521 դրամ, ընդհանուր՝ 763 մլն 264 հզր 474 դրամ»,- նշում են կոմիտեից։

Նախաքննության ընթացքում հարցաքննվել է շուրջ 500 անձ:

Ա.Ա.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռելը) և 296-դ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):

Նա ձերբակալված է՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով:

Sputnik Արմենիա