Логотип

«ՄԵՂԱՎՈՐ ԵՆ, ՈՐ ՉԵՆ ՄԵՌԵԼ». ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՎՌՆԴՈՒՄ Է ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ, ԻՆՉՊԵՍ ՈՐ ԱԼԻԵՎԸ ՎՌՆԴԵՑ ՆՐԱՆՑ ԱՐՑԱԽԻՑ

Դիտել այն տեսանյութը, որում մարդու կերպարանքով ոմն արարածը կատաղաբար նետվում է մարդկանց վրա՝ ճղավելով, թե «Ինչո՞ւ մեռած չես, տականք», սարսափելի է։ Ոչ միայն այն պատճառով, որ այդքան, մեղմ ասած, անհամարժեք պահվածք է ցուցաբերում երկրի դե ֆակտո ղեկավարը։ Ոչ միայն այն պատճառով, որ դա անում է «յան» վերջավորությամբ ազգանունով մարդը հայրենակցի նկատմամբ։ Ոչ միայն այն պատճառով, որ այդ հարցն ուղղում է նրանց, ովքեր ընդամենը մի քանի տարի առաջ վերապրել են ծանրագույն պատերազմ, շրջափակում, ցեղասպանություն, տեղահանություն, հայրենիքի կորուստ և դարձել փախստական։ Եվ ոչ միայն, ոչ միայն, ոչ միայն…

ՍԱՐՍԱՓԵԼԻ Է, ՈՐ ԲԱՆԱԿԱՆ ՄԱՐԴԸ ԿԱՐՈՂ Է ԻՋՆԵԼ ԱՅԴ ԱՍՏԻՃԱՆԻ։ Նիկոլն ամենևին էլ գիժ չէ, նա գործում է միանգամայն գիտակցաբար, մտածված, հաշվենկատորեն ու հեռուն գնացող մտադրություններով։ Նա հետևողականորեն իրականացնում է այն ամենը, ինչը ծրագրված, մշակված և նպատակահարմար է թուրքական նպատակների ու ծրագրերի հետագա իրականացման համար։ Այս կերպարին և նրա անսկզբունքայնության, ցինիզմի ու ստորության աստիճանը թերագնահատելը չափազանց վտանգավոր է։ Ինչպեսև, կրկնեմ, համարելը, թե նա խելքը թռցրել է ու չի հասկանում, թե ինչ է անում։

ՔՊ-ի ներկայիս նախընտրական քարոզչության առանձնահատկություններից մեկը, ի տարբերություն հնգամյա վաղեմության քարոզարշավի, որտեղ ամեն ինչ կառուցված էր ստի վրա, առավելագույնս հնարավոր անկեղծությունն է առանցքային բազմաթիվ հարցերում։ Ավելին, հենց քարոզարշավի ընթացքում է Փաշինյանը դնում այն գործընթացների հիմքերը, որոնք նախատեսում է ծավալել ապագայում. բնականաբար՝ վարչապետի պաշտոնում վերարտադրվելու դեպքում։ Դա շատ հստակ դրսևորվում է, մասնավորապես, արցախցի փախստականների նկատմամբ գործողություններում։

Իհարկե, ատելության տիրաժավորումը, թիրախավորումն ու տարատեսակ մեղքերի մեջ մեղադրումը, նսեմ բնազդների բորբոքումն ու բնակչության իրեն հավատարիմ հատվածին արցախցիների վրա քըսի տալն ամենևին էլ քարոզարշավի ժամանակ չեն սկսվել։ ՔՊ-ի կառավարման բոլոր 8 տարիներին, իսկ վերջին 2 տարիներին՝ առանձնակի ակտիվորեն, այդ ուղղությամբ անխոնջ աշխատում է ֆեյքերի, ծախված քարոզիչների մի ամբողջ բանակ և իշխանամետ մեդիակայսրությունը։

Սակայն ժողովրդի հետ ամենօրյա «շփումով» նախընտրական քարոզչությունը Փաշինյանին բացառիկ հնարավորություն է տալիս բացահայտ, բարձրաձայն և, ինչը չափազանց կարևոր է իր զոմբի-զանգվածի համար, անձամբ նախանշել այդ քաղաքականության ուղղությունները և համապատասխան մեսիջներ հնչեցնել հետընտրական շրջանի համար։ Այդ մեսիջներից գլխավորը արցախցիների հալածանքների շարունակումն ու ուժգնացումն է, ատելության ու թշնամանքի հրահրումը նրանց հանդեպ՝ Հայաստանի բոլոր խնդիրների համար մեղադրանքներով։

«»ՄԻՆԻՄՈՒՄ ԽՆԴԻՐԸ«» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔՆ ԱՆՏԱՆԵԼԻ ԴԱՐՁՆԵԼՆ Է, որպեսզի իրականացվի «մեքսիմում խնդիրը». առավել ակտիվ, պայքարը շարունակող հատվածի արտագաղթը, մյուսների ահաբեկումն ու հնազանդեցումը՝ որոշակի հատվածի կաշառման և իր կողմը գրավելու հետ մեկտեղ։

Ընդ որում ընտրված են, ինչպես արդեն ակնհայտ է, ամենաստոր ու էժանագին-պոպուլիստական մեթոդներ, ինչպեսև, ասենք, այդ քաղաքական ուժի և այդ կերպարի կողմից ցանկացած այլ խնդրի լուծման դեպքում։ Ինչո՞ւ չեք մեռել, իսկ այ երևանյան այս շենքի բնակիչները զոհվել են Արցախի համար, ինչո՞ւ դու չեք կռվել, փախել եք, իսկ այ հայաստանցի հայերը կռվել են ու իրենց կյանքը զոհել, որպեսզի դուք հիմա հանգիստ ապրեք Հայաստանում. այս ամենն այնքան գարշելի, պրիմիտիվ, ցինիկ ու վտանգավոր է ժողովրդի և պետության համար, որ պարզապես գրելն անգամ նողկալի է:

Բայց Նիկոլը շատ լավ է ճանաչում իր ընտրազանգվածին ու իր երկրպագուներին, նա անում ու ասում է հենց այն և այնպես, ինչը կարող է ազդել նրանց վրա ու վարակիչ օրինակ դառնալ։

Փաշինյանը նաև շատ լավ հասկանում է, որ փակել Արցախի հարցը, այսինքն լուծել իր «պատմական» ամենակարևոր խնդիրներից մեկը, չի կարողանա, քանի դեռ Հայաստանում կան ոչ մի պարագայում չհանձնվող, իրենց փոքր Հայրենիքը մոռանալ չցանկացող և տուն վերադառնալու մասին մտածել շարունակող արցախցիներ։ Ռազմավարական առումով նրա առջև նպատակ է դրված ազատվել նույն կերպ մտածող և համանման տրամադրված բոլոր հայերից, բայց այսօրվա փուլում արցախցիներն առաջնային նպատակ են, այդ թվում՝ իրենց սոցիալական և հոգեբանական խոցելիության պատճառով։

Անշուշտ, նման քաղաքականությունն ուղղակիորեն բխում է Ադրբեջանի շահերից և հանդիսանում նրանց ևս մեկ ընդհանուր նպատակը։ 30 տարի շարունակ Արցախն ու նրա ժողովուրդը ոսկոր էին Բաքվի կոկորդին, բայց նաև հիանալի հնարավորություն Ալիևների կոռումպացված իշխանության համար՝ երկրի բոլոր խնդիրները բարդելու տարածքների «օկուպացիայի» և արցախցիների «անջատողականության» վրա: Այժմ, երբ այդ խնդիրը լուծված է ռազմա-ահաբեկչական ճանապարհով և էթնիկ զտումների ու ցեղասպանության մեթոդով, դրված է սեփական հանցագործությունների լեգիտիմացման և դրանք իսպառ մոռացության մատնելու հարցը։ Այն, ինչ պետք է անի արդեն Նիկոլը՝ «սպիտակ ցեղասպանության» միջոցով։

ԴՐԱ ՀԵՏ ՄԵԿՏԵՂ, ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԱՄԵՆԻ ԿԱՊԸ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ռազմավարական նպատակների հետ շատ ավելի խորն է։ Օսմանյան Թուրքիան ցեղասպանություն գործեց՝ ձգտելով ֆիզիկապես ազատվել մի ամբողջ ժողովրդից, որը թվով երկրորդն էր պետությունում, ընդ որում՝ ոչ միայն իր տարածքում։ Նպատակը դրված էր մեկ դարի համար. ազատվել հայերից և առհասարակ տարածաշրջանում հայկական հետքից։ Այն, ինչ տեղի ունեցավ արդեն դարավերջին, այդ քաղաքականության իրական շարունակությունն էր և հանգեցրեց հայկական ներկայության վերացմանն ահռելի տարածքում. սկզբում Ադրբեջանում, իսկ արդեն վերջին տարիներին՝ Արցախում։

Երբ Նիկոլը ճղավում է՝ «Ինչո՞ւ մեռած չեք», նա իրականում ուղղում է այդ հարցը ոչ միայն արցախցիներին։ Ինչո՞ւ չմեռան Սումգայիթի անխտիր բոլոր հայերը, ինչո՞ւ չկոտորվեցին Գանձակի (Կիրովաբադի) բոլոր հայերը, ինչո՞ւ անէության գիրկը չանցան Բաքվի բոլոր 240 հազար հայերը, ինչո՞ւ Մարաղա գյուղում ոչ թե մի քանի հազար, այլ «ընդամենը» 50 զոհ եղավ, ինչո՞ւ Բուդապեշտում սպանվեց երկու հայ սպաներից միայն մեկը, իսկ երկրորդին հաջողվեց խուսափել մահից. ահա թե ուր են տանում արցախցիներին ուղղված այն մեղադրանքների խորքային ակունքները, որ ողջ են մնացել ու փրկվել։

Արցախցիներն այսօր «մեղավոր» են նույնքան, որքան 1915-1923թթ. Ցեղասպանությունից և դրան հաջորդած բոլոր ցեղասպանություններից փրկված հայերը։ Որոնք խանգարում են թուրքերին տիրանալ ողջ տարածաշրջանին, ոչնչացնել կամ յուրացնել հայ ժողովրդի քաղաքակրթական ահռելի հարստությունը, և թույլ չեն տալիս խուսափել պատժից՝ մոռացության մատնելով այդ հանցագործությունները։

Որոնք խանգարում են ուրախ ապրել թուրքանման այն հայերին, որոնց համար Արցախում հայ ժողովրդի պատմական ողբերգությունը ևս մեկ միջոց է ապացուցելու իրենց անվերապահ հավատարմությունն ու նվիրվածությունը Թուրքիայի ցեղասպան քաղաքականությանը և դա մինչև «հաղթական» ավարտ շարունակելու պատրաստակամությունը: