Логотип

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՏԱՐՕՐԻՆԱԿ ՍԵՐԸ

Արաբկիրում Փաշինյանի հիստերիայի սկանդալային օրը, ի թիվս ամենի, գործող վարչապետը պաթոսով հայտարարեց, թե երբեք չի դադարեցնի պայքարը Հայաստանի անկախության և ազատության համար… Իբր, եթե անգամ իրեն չընտրեն։

ՀԵՆՑ ԴԱ Է ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐԸ, ՆԻԿՈԼ։ Ո՞ՆՑ ԱՆԵՆՔ, ՈՐ ԴՈՒ ԱՅԼԵՎՍ ՉԶԲԱՂՎԵՍ ԴՐԱՆՈՎ: Դադարես վերջապես պայքարել Հայաստանի ազատության ու անկախության համար՝ քո պատկերացմամբ…

Ողջ դժբախտությունն այն է, որ Հայաստանի «ազատության» ու «անկախության» համար քո պայքարը թանկ է նստում բուն հանրապետության և նրա քաղաքացիների վրա։ Դու պայքարում ես, իսկ մյուսները՝ վճարում:

Ինքդ դատիր, ազնիվ եղիր: Երբ դու դեռ երեխա էիր և Հայաստանի ազատության ու անկախության համար չէիր պայքարում՝ Հայաստանն անկախություն ստացավ։ Ավելին, երբ դեռ ուսանող էիր ու Ղարաբաղյան շարժմանը ոչ մի մասնակցություն չունեիր, ազատություն ու անկախություն ստացավ ոչ միայն Հայաստանը, այլև պատերազմում հաղթած Արցախը:

Հետո դու հասակ առար… Սկսեցիր պայքարել Հայաստանի «ազատության ու անկախության» համար։ Սկզբում՝ լրագրողի և թերթի խմբագրի կարգավիճակով։ Շատ ակտիվ էիր պայքարում այդ կարգավիճակում, հոդվածներ էիր գրում Վազգեն Սարգսյանի և բանակի դեմ։ Երևի ուզում էիր, որ լավ լինի, բայց … Ոմանք քո խզբզոցը բառացի էին ընկալում, և հոդվածներդ որպես գործելու կոչ ընդունողների մեջ էր նաև Նաիրի Հունանյանը:

Հետո ավելի մեծացար։ Դեղին թերթի խմբագրից աճեցիր դարձար ընդդիմադիր գործիչ։ Երևի ուզում էիր, որ լավ լինի, պայքարում էիր բացառապես հանուն Հայաստանի անկախության ու ազատության, բայց ստացվեց… Ստացվեց մարտի 1-ը: Սկզբում փախար, հետո համաներման տակ ընկար, իսկ զոհերը մնացին…

Հետո ավելի հասունացար ու դարձար արդեն վարչապետ։ Ավաղ, չհանդարտվեցիր, շարունակեցիր պայքարդ Հայաստանի «ազատության ու անկախության» համար։ Ու եթե նախկինում քո «անձնվեր պայքարի» զոհերը հաշվարկվում էիր միանիշ թվերով ու տասնյակներով, ապա 2020-ին հասան հազարների…

2021-ին վերընտրվեցիր, պայքարը շարունակեցիր, Արցախի էթնիկ զտման զոհ դարձան հարյուրավոր մարդիկ, երկրամասը դադարեց հայ ժողովրդի պատմության մասը լինել։

Հայոց աշխարհի մասն իսպառ կորցրեց իր անկախությունն ու ազատությունը, հանուն որի այդքան ջանադրաբար շարունակում ես պայքարել։ Այն աստիճան ջանադրաբար, որ քեզ այսօր թելադրում են, թե ինչ «տնային առաջադրանք» պիտի կատարես, ոնց փոխես Սահմանադրությունը, ինչպես պայքարես Եկեղեցու դեմ, որտեղով պիտի անցնեն տարանցիկ ուղիները, և որտեղ պետք է լինեն սահմանները… Իշխանության ղեկին գտնվելիս՝ հանուն Հայաստանի ազատության և անկախության քո պայքարը շատ ավելի աղետաբեր գտնվեց հանրապետության համար, քան երբ ընդդիմադիր էիր։

Երբեք ինքդ քեզ հարց չե՞ս տվել. գուցե սխա՞լ ես պայքարում: Գուցե ավելի լավ կլինի ընդհանրապես դադարե՞ս պայքարել:

Այսօր ասում ես, որ մտադիր ես վերընտրվել ու նորից շարունակել պայքարդ Հայաստանի ազատության և անկախության համար: Դա վախեցնում է. Հայաստանը փոքր երկիր է, փաստ չէ, թե նա կդիմանա քո պայքարի հերթական փուլին։

Նիկոլ, ախր ո՞նց անենք, որ հանդարտվես ու դադարես պայքարել։ Եթե սիրում ես երկիրդ և իսկապես ազատություն ու անկախություն ես կամենում նրան, ապա պարզապես մի կողմ քաշվիր մեր հանրապետության ճանապարհից: Եթե դա անես, ապա շուտով քո աչքով կտեսնես, թե ինչպես է լիարժեք ու անվտանգ կյանք հաստատվում ազատ ու անկախ Հայաստանում, որին դու իբր սիրում ես: Տարօրինակ սիրով: