Логотип

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ, ԱՅԼ ՈՉ ԹԵ ԴԱՏԱՐԿ ԽՈՍՔԵՐ

«Բոլորը նույնն են» արտահայտությունը ընդամենը մի բանի մասին է՝ «թող մնա Նիկոլ Փաշինյանը»: Հարգելի «բոլորը նույնն են» դիրքորոշման կրողներ, դա բնականաբար ձեր իրավունքն է, բայց իրացրեք այդ իրավունքը առավել ազնիվ և հայտարարեք, որ նախընտրում եք Նիկոլ Փաշինյանի կառավարման շարունակություն, ու պարզապես ազնվորեն գնացեք ու ստանձնեք այդ կառավարման համար ձեր բաժին պատասխանատվությունը՝ ձեր քվեով:

Կրկնեմ, Հայաստանում ստանդարտ իրավիճակ է, արդյունավվետ և անարդյունավետ ուժերի միջև, լավ և վատ խոստումների միջև ընտրության հարց չէ: Հայաստանում հարց է՝ ընդհատել ազգային ու պետական նկարագրի ապաբարոյականացման, ապաարժանապատվականացման, Հայաստանն Ադրբեջանին ենթակա կազմավորման վերածելու քաղաքականությունը:

Դուք համարում եք, որ ի՞նչ ուժ էլ հաղթի լինելու է նու՞յնը: Ապացուցեք գործով: Այսինքն, քվեարկեք հաղթելու ամենամեծ հնարավորությունն ունեցող ուժի օգտին, թող այյդ ուժը ձևավորի կառավարություն, ու, եթե շարունակի նույն քաղաքականությունը, եթե չփոխվի ոչինչ, ապա դուք բոլորին կասեք՝ «տեսա՞ք, որ ասում էինք»: Եվ այդ ժամանակ «բոլորը նույնն են» ձեր փաստարկը կդառնա առավել ուժեղ, առավել համոզիչ, պարզապես՝ առարկայական:

Չէ՞ որ հակառակ պարագայում, եթե մնում է Փաշինյանի կառավարությունը, միևնույն է շարունակվում է այն, ինչ կա: Եվ, եթե փոխարինողն էլ՝ ըստ ձեր մոտեցման, շարունակելու է նույնը, հետևաբար փոխելով ոչ միայն չեք կորցնում ոչինչ, այլ նաև ձեռք եք բերում ձեր դիրքորոշումը առարկայորեն փաստարկելու ծանրակշիռ հնարավորություն:

Հետևաբար, գործեք ռացիոնալ հենց ձեր իսկ դիրքորոշման տրամաբանության տեսանկյունից և ապացուցելու համար, որ «բոլորը նույնն են», գնացեք և քվեարկեք հաղթելու մեծ հնարավորություն ունեցող ուժին կամ ուժերից որևէ մեկին: Քվեարկեք ու հետո «ապացուցեք», որ «բոլորը նույնն են»:

Կրկնեմ, կարծում եմ, համոզված եմ, որ դուք նվազագույն ռացիոնալություն ունեք պատկերացնելու համար, որ առկա իրավիճակում չկա այլ տարբերակ՝ կամ մնում է նույն իշխանությունը, կամ ընդդիմության առաջատար հնարավորություններ ունեցող ուժերի միջոցով փոխվում է այդ իշխանությունը: Որևէ այլ երրորդ տարբերակ պարզապես «տեսական ռոմանտիկա է»:

Կարծում եմ քաղաքականությանը շատ, թե քիչ հետևելու պարագայում ակնառու է, որ մրցակցությունը համակարգերի, ինստիտուտների, ցանցերի միջև է: Դուր է գալիս դա, թե ոչ, բայց այդպես է ամենուր: Հետևաբար «հողմաղացների դեմ պայքար» է մտածելը, թե բավարար է խելոք խոսել, բավարար է մարդկանց ասել իմաստուն բաներ, և դա քաղաքական մրցակցության հաղթանակի գրավական է:

Վերջին հաշվով, դա անհարգալից է նաև ընտրողի հանդեպ: Ընտրողը բոլոր պարագաներում ռացիոնալ է: Նա գնահատում է հենց համակարգային, ցանցային, ինստիտուցիոնալ ներուժը: Որևէ մեկին կարող է հավանել չափից շատ, լսել ու համարել ամենախելոքը, բայց այդ մեկին կառավարման ղեկ վստահելու համար նա դիտարկելու է այդ մեկի «թիկունքին» եղած համակարգային-ինստիտուցիոնալ ներուժը,հետագիծը:

Հակառակը լինում է բացառապես հեղափոխական իրավիճակներում: Մինչդեռ, հեղափոխական իրավիճակ հասունացնելու համար էլ արդեն պետք են համակարգեր, ցանցեր, ինստիտուտներ:

Որևէ խումբ, որևէ ուժ,, որ հավակնում է իրապես արժանանալ հանրության վստահության քվեին՝ որպես կառավարություն, կամ պետք է կարողանա որևէ կերպ հասունացնել հեղափոխական իրավիճակ, կամ պետք է ընտրության ներկայանա համակարգով, որևէ համակարգային, ինստիտուցիոնալ հետագծով:

Ըստ այդմ, քաղաքական այլընտրանքի ձևավորումը պահանջում է քայլ առ քայլ համակարգի ձևավորում: Եթե դա չկա, ուրեմն կամ առկա է քաղաքական կատարյալ միամտություն և հետևաբար քաղաքական համարժեքության խնդիր, կամ ակնհայտ է քաղաքական պրոցեսում մեծ և վերամբարձ նպատակների ներքո պարզապես փոքր խնդիրներ լուծելու հնարամտություն:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ, վերլուծաբան

Verelq.am