Логотип

Մարտունիում ստիպել են մանկապարտեզի աշխատակիցներին մասնակցել ՔՊ միջոցառմանը

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հայտարարել է, որ Հայաստանում նախընտրական քարոզարշավն ընթանում է ատելության մթնոլորտում՝ իշխանությունների կողմից սպառնալիքների և ահաբեկման բազմաթիվ դեպքերով:

Նա Հանրային հեռուստատեսությամբ հրապարակել է աուդիոձայնագրություն, որտեղ լսվում է, թե ինչպես է Գեղարքունիքի մարզի Մարտունու քաղաքապետարանի կրթության վարչությունը հրավիրում մանկապարտեզների տնօրեններին և վախեցնում նրանց՝ ստիպելով մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի բացմանը:

Թաթոյանը նաև նշել է, որ իշխանությունները հրահանգել են կազմել և քաղաքապետարան ներկայացնել իշխող կուսակցությանը չաջակցող աշխատակիցների ցուցակ: Նա ընդգծել է, որ իշխանությունները կրթական համակարգն ամբողջությամբ ներքաշել են ընտրարշավի մեջ: Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրության վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու:

Անդրադառնալով ընտրակաշառքի մասին հարցին՝ նա նշել է, որ ամենամեծ ընտրակաշառքն իշխանություններն են բաժանում։

«Ունենք փաստեր, թե ինչպես են մարդկանց անվճար հող նվիրում։ Երեկ ենք ստացել այդ փաստաթղթերը։ Մենք դրանք մանրամասն վերլուծության կենթարկենք և կուղարկենք իրավապահ մարմիններին»,- ասել է նա։

Թաթոյանը մայիսի 18-ին ՀՀ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել՝ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսին վերագրվող ձայնագրության հիմքով։ Ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես է Արմավիրի քոլեջի դասախոսը, որը նաև իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացնող ավագանու անդամ է, ստիպում ուսանողներին մասնակցել քարոզարշավին:

Armenia Today