Логотип

ՊԵԿ-ը 24/7 աշխատում է Ծառուկյանի ձեռնարկություններում խախտում գտնելու համար

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն արտակարգ ռեժիմով են աշխատում, քանի որ նրանց հանձնարարվել է մանրակրկիտ ստուգումներ իրականացնել և խախտումներ հայտնաբերել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող ձեռնարկություններում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:

«ՊԵԿ որոշ վարչություններում արդեն մոտ մեկ ամիս է՝ աշխատակիցներն արտաժամյա մնում են և մինչև ուշ գիշեր աշխատում` գրեթե 24/7 ռեժիմով: Թիրախը ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներն են: Վերևից հանձնարարված է՝ ամեն գնով խախտումներ հայտնաբերել»,- հայտնում է թերթը:

Նշվում է, որ այդ գործողությունների ընթացքում լայնածավալ ստուգումներ են իրականացնում, թղթերն են ուսումնասիրում, փորձում են մի բան գտնել:
Թերթը նաև հայտնում է, որ հարկերից խուսափելու հիմքով Գագիկ Ծառուկյանին չէին կարող կալանավորել, քանի որ օրենքը նման դեպքերում չվճարված հարկերը պարտադրում է վճարել առանց ազատությունից զրկելու:

«Հրապարակը» նաև գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզապես չի ներում Ծառուկյանին իր հասցեին արված արտահայտությունները:
«Նախօրեին իրականացված խուզարկությունների արդյունքում իրավապահները կապարակնքել են նաև ՀԱՕԿ-ի շենքը, թե իբր չարաշահումներ են եղել: Մինչդեռ, ընդամենը 6 ամիս առաջ է ՀԱՕԿ-ում աուդիտ անցկացվել, և էական խախտումներ չեն հայտնաբերվել, որոնք կարող են հիմք հանդիսանալ կազմակերպության գործունեության դադարեցման համար»,- գրում է պարբերականը:

Թերթը նաև պնդում է՝ սա քաղաքական հաշվեհարդար է Ծառուկյանի նկատմամբ:

Հիշեցնենք` դիմակավորված հատուկջոկատայինները հուլիսի 6-ի առավոտյան ներխուժեցին Ծառուկյանի առանձնատուն: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ քննչական գործողություններ են իրականացվում նաև Ծառուկյանին պատկանող տարբեր օբյեկտներում, ինչպես նաև «Մուլտի գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված ընկերությունների տնօրենների բնակարաններում։ Երեկոյան Ծառուկյանին ձերբակալեցին։ Գործարարը և ևս մեկ անձ մեղադրվում են խարդախության օժանդակության և փողերի լվացման օժանդակության մեջ։ Եվս մեկ գործ էլ հարուցվել է վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ: Դրա շրջանակում Ծառուկյանի տնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Երևանի կենդանաբանական այգի:

Sputnik Արմենիա