Логотип

Դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպի»` Սևանի ափին գտնվող տները վերադարձնել ՀՀ-ին

ՀՀ դատախազությունը պահանջում է Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը: Տեղեկությունը հայտնում է դատախազության մամուլի ծառայությունը։

«Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ «Բեղլու» ՓԲԸ-ի, Պետական գույքի կառավարման կոմիտեի, Գագիկ Ծառուկյանի, «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի` 1996 թվականի նոյեմբերի 29-ի N 111-2 պայմանագիրն անվավեր ճանաչելու մասին»,–նշված է հաղորդագրության մեջ:

Որպես հետևանք՝ գլխավոր դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել.

– 1,21 հա մակերեսով հողատարածքի և 60 քմ մակերեսով N 7 փայտե տնակի մասով պայմանագրի հիման վրա կատարված իրավունքի պետական գրանցումը,

– 2000 թվականի սեպտեմբերի 8-ին «Բեղլու» ՓԲԸ-ի և Գագիկ Ծառուկյանի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը,

– Վերոնշյալ պայմանագիրը փոփոխելու մասին 2001 թվականի հունվարի 12-ի համաձայնագիրը,

– 2025 թվականի նոյեմբերի 25-ին գրանցամատյանի N 4462 համարի ներքո ՊՈԱԿ-ի և «Մուլտի գրուպ» Կոնցեռն ՍՊԸ-ի միջև կնքված վարձակալության պայմանագիրն ու 2025 թվականի նոյեմբերի 28-ին կատարված իրավունքի պետական գրանցումը:

Արդյունքում՝ դատախազությունը պահանջում է «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի տիրապետությունից ՀՀ սեփականությանը վերադարձնել 0,29114 հա մակերեսով հողատարածքը, հողատարածքի վրա կառուցված 425,12 քմ մակերեսով բնակելի տները, 23,04 քմ մակերեսով նավակայանը, 100,8 քմ մակերեսով պարիսպը:

Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է դատախազության՝ հայցի ապահովման միջոց կիրառելու պահանջը։ Պատասխանողին արգելվել է այնպիսի գործողություններ կատարելը, որոնք կհանգեցնեն հայցադիմումի մեջ նշված գույքի սեփականատիրոջ փոփոխությանը կամ դրանց փաստացի վիճակի փոփոխությանը:

Sputnik Արմենիա