ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությունների մի ստվար զանգվածը մոնտաժված են։ Այս համոզմունքը հայտնեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով կոմիտեի կողմից պարբերաբար հրապարակվող ընտրակաշառքի ձայնագրություններին, որոնք վերագրվում են քաղաքական ուժին։
«Ընդհանրապես նման դեպքեր գոյություն չունեն, ու մենք հիմա խոսում ենք սեպարատ, առանձին վարույթների մասին։ Նաև անմեղության կանխավարկածը մեր երկրում չի գործում։ Ինչի համար են այդ ձայնագրությունները հրապարակվում, երբ անգամ դրանց իսկությունը չի ստուգվել։ Սա վախի մթնոլորտ ստեղծելու, ինչպես նաև որոշակի իմաստով վարկաբեկման փորձ է, որը չի հաջողվելու»,– վստահեցրեց Վարդևանյանը։
Ինչ վերաբերում է նախընտրական քարոզարշավի ժամանակ իշխանության կողմից վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերին, փաստաբանը նշեց, որ այդ գործերով դիմել են ԿԸՀ, սակայն, ինչպես և կանխատեսելի էր, այս կառույցում կա տոտալ անգործություն։
«Այդ մասով էլ ենք հետևողական լինելու։ Ի դեպ, զարմանալին այն է, որ դրանք հանրային տիրույթում են, սակայն քրեական որևէ վարույթ չկա։ Եթե իշխանություններին թվում է` սելեկտիվ այս արդարադատությունը մեր հայրենակիցները չեն նկատում, սխալվում են` ամեն ինչ նկատում են ու հետևություններն անում են»,– նշեց նա։
Ըստ Վարդևանյանի` այս քարոզարշավի ընթացքում ատելության, բռնության խոսքը մեծ տարածում գտավ հենց ՔՊ կողմից. դա արձանագրել է միջազգային հանրությունը, սակայն ՀՀ դատախազությունն ու ԿԸՀ–ն որևէ խախտում չեն արձանագրել, հանցակազմ չեն գտել։ Փաստաբանը վստահեցրեց` այս հարցով ևս հետևողական է լինելու ու գնալու է մինչև վերջ։
Վարդևանյանը չի բացառում, որ ընտրությունների ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կեղծիքներ անելու փորձ կանի, սակայն դրա դեմ «Ուժեղ Հայաստանն» իր մեխանիզմները որոշակիորեն արդեն իսկ մշակել է։
«Եթե ընտրություններին լինի բարձր մասնակցություն, ապա որևէ իշխանություն իր կեղծիքների մեխանիզմում արդյունավետ չի լինելու»,– վստահեցրեց փաստաբանը։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ:
Sputnik Արմենիա
