Логотип

ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆ․ ՍԿՍԵԼ ԵՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ. ՀԱՋՈՐԴ ԹԻՐԱԽԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԱՌՆԱԼ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ

Այսօր վաղ առավոտից ԱԱԾ-ականները խուզարկություններ են իրականացնում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տանը և նրան պատկանող օբյեկտներում։

Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ այս ամենը սպասելի էր, իշխանությունն անցել է նախընտրկան շրջանում հնչեցրած սպառնալիքների իրագործմանը.

«Նրանք սպասում էին ՍԴ-ի որոշմանը։ Իրենց մտածողությամբ իրենք ՍԴ-ում հարցը փակում են և սկսում են ընդդիմադիրների հալածանքները։ Իրենք վախենում են քաղաքական այն ուժերից, որոնք ունեն որոշակի ռեսուրսներ, նաև վախենում են լրատվամիջոցներից, ենթադրում եմ, որ հաջորդ փուլին կանցնեն լրատվամիջոցներին՝ պարզելու, թե ով, ինչպես և որտեղից է ֆինանսավորվում։ Եթե որևէ գործարար որոշի ֆինանսավորել և օգնել որևէ լրատվամիջոցի, բնականաբար, այդ լրատվամիջոցի հետևից գնալու են, իսկ այդ գործարարին էլ ճնշումների են ենթարկելու»։

 Ըստ Դանիելյանի՝ իշխանությունները ցանկանում են քաղաքական ուժերին ու լրատվամիջոցներին վերահսկողության տակ վերցնել. «Սա նշանակում է, որ իրենք հանրության մեջ արդեն կորցրել են վստահությունը, որը կար 2018 թվականին, իսկ հիմա պետք է ռեպրեսիաներով շարունակեն իշխանությունը պահել։ Այսինքն՝ անցել են հաջորդ փուլին, ռեպրեսիաներին, ինչպես հայտարարել էին նախընտրական փուլում»։

Դիտարկմանը՝ ինչպես պետք է դրա դեմ պայքարել, Դանիելյանը խորհուրդ տվեց այդ ամսին հարցնել այն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, որոնք անցել են խորհրդարան. «Իրենք խորհրդարանում են, ընդդիմություն են, մտքի կենտրոններ են, իրենք պետք է պլաննավորեն քաղաքական շարժումները»։

 Ինչ վերաբերում է մանդատներ վերցնելուն, Դանիելյանը նշեց. «Շատ պարզունակ մոտեցում է, երբ մարդիկ քննարկում են մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։

Մանդատ վերցնելու դեպքում էլ դու պետք է ունենաս քայլերի բացատրություն, ճանապարհային քարտեզ չվերցնելու դեպքում էլ, որը պետք է հանրությանը ներկայացնես։ Չվերցնելու դեպքում, ենթադրվում է, որ պետք է սկսես փողոցային պայքար և դա պետք էր սկսել հենց ընտրությունների օրը երեկոյան՝ հավաքվելով հրապարակում և սպասելով թվերի հրապարակմանը։ Իսկ վերցնելու դեպքում էլ, պետք է բացատրեն, թե ինչ են անելու։ Քանի որ որոշումներն իրենք են ընդունել, պետք է հարցնել իրենց»։

Aysor.am