Логотип

ՏԵՍԵՔ՝ ՈՎՔԵ՜Ր ԵՆ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ

Հուսով եմ՝ «Կոկորդիլոս» մականունով Գարիկ Սարգսյանը չի մնա խորհրդարանում, այլ կվերադառնա Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնին: Արարատ Միրզոյանը, Սրբուհի Գալյանը, Արսեն Թորոսյանը, Սուրեն Պապիկյանը, Գևորգ Պապոյանը, Անահիտ Ավանեսյանը և ՔՊ նախընտրական ցուցակի մյուս նախարարները, ամենայն հավանականությամբ, կվերադառնան կառավարությունում իրենց պաշտոններին, իսկ եթե նշանակումներ չստանան, ապա կմնան 9-րդ գումարման խորհրդարանում: Առայժմ ԶԼՄ-ները խոսում են միայն Ավանեսյանի և Պապիկյանի անվերապահ վերադարձի մասին…

ՆՈՐ ՀԻՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԿՐԿԻՆ ԿՏԵՍՆԵՆՔ ՎԱՀԱԳՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, նախորդ խորհրդարանում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին, որը հավակնում է խոսնակի աթոռին, սակայն ԶԼՄ-ներում շարունակում են քննարկել նրա քրոջ և մոր առանձնատների գնման կասկածելի գործարքները: Մեծ կասկածներ ներշնչող գործարքներ։ Ալեն Սիմոնյանը ևս նախատեսում է վերադառնալ իր նախկին պաշտոնին, որը ԶԼՄ-ների միաձայն կանխատեսմամբ կզբաղեցնի Փաշինյանի խորհրդական, ԱՄՆ-ում նախկին դեսպան և «Իմ քայլը» խմբակցության նախկին ղեկավար Լիլիթ Մակունցը: Թեպետ, նա լուրջ մրցակից ունի՝ հանձին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի։

Ռոմանոս Պետրոսյանը, ամենայն հավանականությամբ, կվերադառնա «Հայաստանի էլեկտրական ցանցերի» ժամանակավոր կառավարչի պաշտոնին, իսկ Սարիկ Մինասյանը կվերադառնա Գյումրիում ՀԷՑ մասնաճյուղի տնօրենի պաշտոնին:

9-րդ գումարման խորհրդարան կվերադառնա Փաշինյանի վաղեմի ընկերը՝ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որին լրատվամիջոցները համարում են Արցախյան պատերազմի մասնակից փոխգնդապետ Արա Մխիթարյանի նկատմամբ հաշվեհարդարի հրահրող: Ծեծի հետևանքով Մխիթարյանը երկարատև կոմայի մեջ ընկավ, այնուհետ մահացավ տարեց ծնողների գրկում՝ գիտակցության չգալով: Դատապարտեցին Տրդատի օգնականին, իսկ նա ինքը հրաժարական տվեց մարզպետի պաշտոնից և այդ ժամանակից ի վեր բարգավաճում է հարկատուների գրպանից վճարվող պատգամավորական աշխատավարձի հաշվին:

Խորհրդարան է վերադարձել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, ինչպես նաև փողոցային (և ոչ միայն) մարտերի մասնակից, սկանդալային համբավ վայելող Սիսակ Գաբրիելյանը: Վերարտադրվել է նաև ԱԺ պաշտպանության հանձնաժողովի անփոփոխ ղեկավար Անդրանիկ Քոչարյանը, գուցե նոր խորհրդարանում նրան վերջապես թույլ տան հնչեցնել 2016թ. 4-օրյա պատերազմի և 2020թ. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովների զեկույցները, թեպետ սա ֆանտաստիկայի ոլորտից է։ Հույս կա, որ Տավրոս Սափեյանը, ով նույնպես անցել է խորհրդարան, կհրաժարվի մանդատից և կվերադառնա Թալինի քաղաքապետի իր նախկին պաշտոնին: Այդ հերոսը, հիշեցնեմ, գրոհում էր Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի դռները՝ փորձելով ոտքով կոտրել դրանք Ամենայն Հայոց Կաթողիկոսի մասնակցությամբ ժամերգության ժամանակ, ապա աքացիներով հարվածում էր տաճարի պատերին… Ահա թե ովքեր են հավաքվել 9-րդ գումարման ԱԺ-ում, խարան դնելու տեղ չկա:

Ղալումյան Հայկը կվերադառնա Տավուշի մարզպետի աթոռին, նրա եղբայր Վահեն կրկին կլինի խորհրդարանում՝ այն դեպքի համար, եթե նորից անհրաժեշտություն առաջանա բռունցքներով հարձակվել ընդդիմության ներկայացուցիչներից որևէ մեկի վրա: Հիշեցնեմ, որ մարզպետի եղբայրն էր հրահրել Սիսիանի նախկին քաղաքապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, այժմ քաղբանտարկյալ Արթուր Սիմոնյանի ծեծը խորհրդարանի պատերի ներսում…

Նոր խորհրդարանում կրկին կլինի անկրկնելի Լուլուն (Լուսինե Բադալյանը), նրան կմիանա Ծովինար Վարդանյանը (բնապահպանության Ժոկո մականունով նախկին նախարարի դուստրը), ինչպես նաև անխորտակելի Արփի Դավոյանը: Բաղդասարյան Նազելին, որը նույնպես անցել է խորհրդարան, հավանաբար կվերադառնա Փաշինյանի մամլո խոսնակի պաշտոնին, իսկ եթե Նիկոլը որոշի փոխարինել նրան նոր խոսնակով, ապա տիկինը ձեռնունայն չի մնա, այլ կվայելի պատգամավորական աշխատավարձը, միլիոնանոց հավելավճարները, պատգամավորական զբոսաշրջությունը և այլ արտոնություններ։

Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Զարուհի Բաթոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Ալխաս Ղազարյանը Փաշինյանին ծառայող թեթև հեծելազորն են, պատրաստ ամեն րոպե հեծնել ամբիոնն ու ներբողներ ձոնել իրենց բարերար կուռքին։ Հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները կհայտարարվեն հունիսի 14-ին, սակայն մեծամասնության խմբակցության կազմի վրա դա ոչ մի կերպ չի անդրադառնա, թերևս միայն ՔՊ-ի նախկին կորիզին կավելանան նախարարներ, որոնց Փաշինյանը չի ցանկանա վերադարձնել կառավարություն։