Логотип

ՓՈՐՁԱԳԵՏ․ ՌՈՒԲԻՈՅԻ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԻՐԱՆՈՒՄ ՄԻԱՆՇԱՆԱԿ ՉԻ ԸՆԴՈՒՆՎԵԼ, ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՆ

«Իրանական մամուլը և փորձագիտական շրջանակները շատ ակտիվ են քննարկում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը Հայաստան»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Իրանի հարցերով փորձագետ Արամ Շահնազարյանը։

«Ռուբիոյի այցի, TRIPP-ի, ինչպես նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությունների և նրա նախաձեռնությունների հետ կապված մտահոգություններ են հնչում, Իրանում դրանք որոշ շրջանակներ կապում են տարածաշրջանային ուժային վերադասավորումների հետ։

Հատկապես քննարկվում են անվտանգային ռիսկերը՝ կապված «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը իրանական կողմի գնահատմամբ ներկայացվում է որպես նախագիծ, որտեղ Իրանի համար ոչ միայն շահ չկա, այլև կան լուրջ անվտանգային վտանգներ։ Ըստ իրանական փորձագիտական շրջանակների՝ հայկական կողմը երբեմն փորձում է ներկայացնել, թե այդ գործընթացներում Իրանը նույնպես կարող է շահ ունենալ, սակայն Թեհրանում ընդգծում են, որ նման պատկերացումները չեն համապատասխանում իրականությանը»,-նշում է փորձագետը։

Ըստ Արամ Շահնազարյանի՝ իրանցի փորձագետները նաև նշում են, որ ԱՄՆ-ի հնարավոր ներկայությունը Հարավային Կովկասում ոչ այլ է, քան ռազմական ներկայություն։

«Անգամ եթե դա ներկայացվում է որպես մասնավոր կամ տնտեսական կառույցների գործունեություն, Իրանում դա դիտարկվում է ԱՄՆ ազդեցության ընդլայնման համատեքստում։

Իրանի արտգործնախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային արդեն արձագանքել է զարգացումներին՝ կրկին ընդգծելով, որ Իրանի դիրքորոշումը Հարավային Կովկասի հարցում մնում է անփոփոխ․ առաջնահերթ են խաղաղության հաստատումը, տարածքային ամբողջականության պահպանումը և հաղորդակցությունների բացումը։ Միևնույն ժամանակ նա հատուկ շեշտել է, որ արտատարածաշրջանային ուժերի ներկայությունը չի նպաստի կայունությանը, այլ կարող է հակառակը՝ խորացնել անվտանգային ռիսկերը»։

Արամ Շահնազարյանի խոսքով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի այցը միանշանակ չի ընդունվել. որոշ փորձագետներ դա դիտարկում են որպես հնարավոր դիվանագիտական հնարավորություն, սակայն գերիշխող են մնում մտահոգություններն անվտանգային հարցերի շուրջ։

Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերություններին, ապա Իրանը դրանք պահպանելու է։

«Դա պայմանավորված է նաև այն լարված հարաբերություններով, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի հետ։ Իրանը շատ լավ գիտակցում է մի շարք իրողություններ։ Ըստ իրանական ընկալումների՝ Ադրբեջանը այս տարածաշրջանում որոշակիորեն վերածվել է Միացյալ Նահանգների և Իսրայելի պլացդարմի։ Իրանը սա արձանագրում է, և այն վտանգները, որոնք գոյություն են ունեցել թե՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ իրանաիսրայելական 12-օրյա պատերազմի ընթացքում, թե՛ նաև դրանից առաջ, շարունակաբար դիտարկվել են։

Այս պայմաններում Թեհրանը շահագրգիռ չէ, որ Հայաստանի հետ հարաբերությունները լարվեն։Եվ, այո՛, իրանական կողմը փորձում է պահպանել և հնարավորության սահմաններում աջակցել Հայաստանի Հանրապետության անվտանգային, ռազմական և ինքնիշխանության ամրապնդման գործընթացներին։ Կարևոր է նաև ընգծել, որ Հայաստանը շարունակում է մնալ Իրանի համար Հյուսիս-Հարավը կապող առանցքային օղակ՝ դեպի Եվրասիա, ԵԱՏՄ տարածք, ինչպես նաև դեպի Սև ծով տանող ուղղությամբ։ Սա այն գործոններից է, որը նպաստում է, որ Թեհրանը պահպանի և զարգացնի հարաբերությունները Երևանի հետ»,- ասում է Շահնազարյանը։

Սակայն, տեսական մակարդակում, եթե Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունը փոխվի դեպի Արևմուտք, մասնավորապես Եվրամիություն, ՆԱՏՕ և Միացյալ Նահանգներ, ապա դա կարող է դառնալ գործոն, որ Իրանը վերանայի մոտեցումները Հայաստանի նկատմամբ, նշում է փորձագետը.

«Սա, սակայն, մնում է միայն տեսական սցենար։ Պետք է հաշվի առնել նաև այն, որ տարածաշրջանում Իրանի և Միացյալ Նահանգների, ինչպես նաև Իրանի և Իսրայելի միջև հակամարտությունը դեռևս ամբողջությամբ ավարտված չէ, և այս համատեքստում Իրանում կա մտահոգություն, որ Միացյալ Նահանգները կարող է ավելի ամրապնդել իր դիրքերը Իրանի հյուսիսային սահմանների ուղղությամբ՝ Հայաստանի տարածքի միջոցով։

Թեև պաշտոնական ձևակերպումներում ընդգծվում է Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, որոշ փորձագիտական շրջանակներ դա դիտարկում են նաև որպես ԱՄՆ ազդեցության հնարավոր ընդլայնում»։

Aysor.am