Հայաստանը վարչապետի մակարդակով ներկայացված չի լինի ԵԱՏՄ առաջիկա գագաթնաժողովում։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն այդ մասին ասաց Երևանի Էրեբունի վարչական շրջանում` նախընտրական քարոզարշավի շրջանակում պատասխանելով լրագրողների հարցերին։
Նա հիշեցրեց` դեռ ապրիլի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել էր, որ նախընտրական քարոզարշավի պատճառով չի կարողանա ներկա լինել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին։
«Ես նախապես տեղեկացրել եմ, նաև քաղաքավարությունից ելնելով, հարգանքի արտահայտման տրամաբանությամբ, որ չեմ կարող մասնակցել մայիսի 9-ի շքերթին Մոսկվայում, և նաև տեղեկացրել եմ, որ մայիսի 28-ին էլ չեմ կարողանալու մասնակցել ԵԱՏՄ նիստին։ Երեկ զանգահարել եմ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին և նրան նույնպես տեղեկացրել այդ մասին»,– ասաց Փաշինյանը։
Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2026 թվականի մայիսի 28-29-ը Աստանայում։
Sputnik Արմենիա
