Դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ մի խումբ դատավորներ որոշել են լքել աշխատանքը, հայտնել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ հրապարակման՝ դատավորների որոշման հնարավոր պատճառը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ հայտարարություններն են։
Փաշինյանը կառավարության հունիսի 11-ի նիստին որոշ դատավորների մեղադրել էր կոռուպցիայի մեջ՝ մեկնաբանելով 2017 թվականի ապրիլին խորհրդարանական ընտրություններում ընտրակաշառքի գործով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Վարչապետը հայտարարել էր, որ կոռումպացված դատավորները պատասխանատվության կենթարկվեն։
Միևնույն ժամանակ, Փաշինյանի՝ ընդդիմադիրների հասցեին հնչեցված սպառնալից հայտարարություններից հետո հարուցված քրեական գործերը և կալանքները ընդդիմադիրները կապում են «զանգովի արդարադատության» հետ։
Այս համատեքստում ընդդիմությունը հիշեցրել է, որ 2025 թվականի նոյեմբերի 17-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքի դատավարական գործընթացից առաջ վարչապետի ընտանիքի հետ կապվող լրատվամիջոցը գրել էր, թե Կարապետյանի կալանքը երկարաձգվելու է 2 ամսով։ Փաստաբան Արամ Վարդևանյանը նոյեմբերի 18-ին հայտարարել էր, որ իշխանությունների հետ կապված «Հայկական ժամանակ» օրաթերթը կանխորոշել էր Հակակոռուպցիոն դատարանի որոշումը՝ Կարապետյանի կալանքը երկարաձգելու մասին:
Armenia Today
