Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հրաժարվել են 9-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորական մանդատներից։
Հակոբյանը հայտնել է, որ որոշել է գործունեությունը շարունակել մասնավոր ոլորտում, ինչի նպատակով մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
«Այս որոշումը կայացվել է վարչապետի և ՔՊ-ի վարչության հետ համաձայնեցված։ Շարունակում եմ մնալ կուսակցության լիիրավ անդամ և շարունակելու եմ ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել՝ ամբողջ ներուժով աջակցելով իմ քաղաքական թիմին»,- նշել է նա։
Սափեյանն, իր հերթին, հայտարարել է, որ հրաժարվել է պատգամավորական մանդատից և շարունակելու է աշխատանքը՝ որպես Թալին համայնքի ղեկավար։ Նրա խոսքով՝ որոշումը երկար մտածված և հիմնված է այն համոզմունքի վրա, որ իր «ամենամեծ առաքելությունն ու անելիքը հենց Թալինում է»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերջնական արդյունքներով՝ հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններին 18 քաղաքական ուժից ԱԺ է անցել «Քաղաքացիական պայմանագիրը» (64 մանդատ), «Ուժեղ Հայաստանը» (29 մանդատ), «Հայաստան» կուսակցությունների դաշինքը (12 մանդատ):
Հուլիսի 4-ին Սահմանադրական դատարանը մերժել էր ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները։ ՍԴ դիմած 7 քաղաքական ուժից 5-ը հայտարարել էր համատեղ գործողությունների և միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու մասին։
Armenia Today
