Логотип

Իրավապահները Վճռաբեկ դատարանից աջակցության են սպասում․ փաստաբանը՝ Կարապետյանի գործի մասին

Գործարար Սամվել Կարապետյանի գործին կցված իրավապահները Վճռաբեկ դատարանից աջակցություն են ակնկալում։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Սամվել Կարապետյանին մեղսագրվող իրավաբանությունից դուրս «կոչերի» դրվագը պարզ չէ ինչպես միացվել է տնտեսական բնույթի՝ վերջինիս հետ ոչ մի կերպ չառնչվող վարույթներին: Ի դեպ վարույթների անջատման վերաբերյալ միջնորդությունը հենց մենք ենք ներկայացրել։ Չենք հավատում, որ ՔԿ-ն կարող է դադարեցնել այս հետապնդումը, սակայն կարևոր է, որ նախաքննական գաղտնիքին, դռնփակ նիստերին վերջ տրվի: Նման մեծ քննչական խումբը (53 քննիչ) մինչ օրս մեզ նույնիսկ պատասխան չի տրամադրել»,- գրել է Վարդևանյանը։

Նա անդրադարձել է նաև «մեր ձևով» արտահայտությունը հանցանք որակելու դրվագին ու ընդգծել՝ այդ մասով հանրային քրեական հետապնդման ժամկետը 5 ամիս Է: 2025 թվականի հունիսի 17-ին հարուցման պայմաններում այդ ժամկետն առաջիկա օրերին լրանում է:

Վարդևանյանը նշել է՝ 2025 թվականի օգոստոսի 15-ից մինչ օրս որևէ դատարան չի արձանագրել տնտեսական բնույթի մեղադրանքներով նույնիսկ հիմնավոր կասկածը։ Վերջին դատական ակտով քննչական մարմնին տրամադրվել էր 1 ամիս, որը խախտվել է: Ակնհայտ է, որ իրավապահները չեն հարգել դատարանի որոշումը։

Սամվել Կարապետյանի փաստաբանը շեշտել է՝ ակնհայտ է, որ իրավապահներն ակնկալում են աջակցություն Վճռաբեկ դատարանից:

«Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել դատախազության բողոքը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին։ Եթե Վճռաբեկ դատարանն այդ որոշումը չկայացնի մինչև նոյեմբերի 11-ը, ակնկալվող «աջակցությունը» կիմաստազրկվի: Մյուս կողմից Վճռաբեկ դատարանը, վարույթ ընդունելու պայմաններում, երբեք նման կարճ ժամանակահատվածում որոշում չի կայացրել»,- գրել է փաստաբանը։

Sputnik Արմենիա